Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը Իրանին խնդրել է ազդեցություն գործադրել Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման (հուսիթների) վրա՝ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումները դադարեցնելու նպատակով։ Այս մասին հաղորդել է բրիտանական «Financial Times» (FT) պարբերականը։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Մունիրը բազմիցս խնդրել է Իրանի ղեկավարությանը աջակցել հուսիթների՝ Սաուդյան Արաբիայի և նրա էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումները դադարեցնելու հարցում՝ վկայակոչելով Էր Ռիադի նկատմամբ Իսլամաբադի ստանձնած պարտավորությունները, սակայն առանց կոնկրետ սպառնալիքների։
Պարբերականի աղբյուրներից մեկը նշել է նաև, որ Իսլամաբադը, որը ապրիլին կործանիչներ էր տեղակայել Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող ավիաբազայում, հայտնվել է «բարդ իրավիճակում»։
2015 թվականին Պակիստանը հրաժարվել էր միանալ Սաուդյան Արաբիայի՝ Եմենի ուղղությամբ իրականացվող օդային հարվածներին, սակայն երկրի ներկայիս ֆինանսական դժվարությունները բարդացնում են թագավորության նկատմամբ դաշնակցային պարտավորությունների կատարումից հետագա խուսափումը։