Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպմանը ներկայացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու Համաշխարհային բանկի, Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման գրասենյակի (FCDO) միջև ձևավորված համագործակցությունը։ Միաժամանակ, ամփոփվել են համատեղ աշխատանքի շրջանակում արձանագրված արդյունքները և քննարկվել Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները։
Հանդիպման շրջանակում անցկացվել է նաև «Բարեփոխումներից դեպի արդյունքներ. համագործակցություն և առաջնահերթություններ հարկային և մաքսային վարչարարության վերափոխման հաջորդ փուլի համար» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն և Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
Պանելային քննարկման ընթացքում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է Համաշխարհային բանկի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման գրասենյակի հետ համագործակցության նշանակությանը՝ ներկայացնելով դրա շրջանակում էական ձեռքբերումները հարկային և մաքսային վարչարարության բարելավման տեսանկյունից։ Անդրադառնալով իրականացվող բարեփոխումների ազդեցությանը՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ գործընթացների պարզեցումը, թափանցիկության բարձրացումը և տվյալների առավել արդյունավետ կիրառումը նոր հնարավորություններ են ստեղծում հարկ վճարողների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար։
«Համագործակցությունը չի սահմանափակվում որևէ առանձին ծրագրով կամ նախաձեռնությամբ, այլ միտված է Կոմիտեի զարգացման հաջորդ փուլի հիմքերի ձևավորմանը։ Միջազգային գործընկերների աջակցությունը հնարավորություն է տալիս գաղափարները վերածել գործնական լուծումների։ Այս համագործակցությունը լիովին համահունչ է ՊԵԿ-ի տեսլականին՝ ձևավորելու ժամանակակից, արդյունավետ և թափանցիկ կառույց, որը մի կողմից կապահովի պետության համար եկամուտների արդյունավետ վարչարարություն, իսկ մյուս կողմից՝ հարկ վճարողների համար կստեղծի հստակ, արդար և բիզնեսի համար բարենպաստ միջավայր»,–ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։
ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլն ընդգծել էլ հարկային և մաքսային արդյունավետ համակարգի կարևորությունը․ «Ուժեղ, թափանցիկ, արդյունավետ և հստակ կանոնների վրա հիմնված համակարգի առկայությունը շատ ավելի հեշտ է դարձնում բիզնես գործընթացները, և հենց այդ պատճառով էլ մենք աջակցում ենք այս գործընթացին։ Արձանագրված արդյունքներն ամուր հիմք են երկարաժամկետ գործընկերությունը շարունակելու և խորացնելու համար»։
Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեն բարձր է գնահատել համագործակցությունը․ «Ես իսկապես շնորհակալ եմ ՊԵԿ-ին այն աշխատանքի և այն ճանապարհի համար, որն անցնում ենք միասին։ Սա կարճաժամկետ տեխնիկական աջակցության ծրագիր չէ միայն, այլ նաև երկար ճանապարհ է, որը Միացյալ Թագավորությունը որոշել է անցնել ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի հետ միասին»։
Պանելային քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի՝ տարածաշրջանային ինտեգրման և փոխկապակցվածության նոր հնարավորությունների համատեքստում հարկային և մաքսային վարչարարության վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները։ Հանդիպման մասնակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ հարկային և մաքսային վարչարարության արդիականացման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, միջազգային լավագույն փորձի ներդրման և Հայաստանի տնտեսական դիմակայունության ու մրցունակության բարձրացման ուղղություններով։
Պանելային քննարկումից հետո Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ առանձին քննարկվել է նաև Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) իրականացման ընթացքը և հետագա քայլերը։