Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 5-ին Երևանում մեկնարկել է Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի աշխատանքը: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ողջունում եմ բոլորիդ մայրաքաղաք Երևանում՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման կապակցությամբ։ Ուրախ եմ, որ այստեղ են հավաքվել շուրջ 800 մասնակիցներ՝ աշխարհի 55 երկրներից ժամանած մեր հայրենակիցներ, հայկական համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, գործարարներ, մշակույթի, կրթության և հասարակական կյանքի գործիչներ։
Ձեր ներկայությունը վկայում է, որ Հայաստանի ապագայի, և, ընդհանրապես, մեր ընդհանուր ապագայի շուրջ երկխոսությունն ունի մեծ ներուժ։ Նախորդ երկու գագաթնաժողովները ձևավորեցին Հայաստան-Սփյուռք երկխոսության կարևոր հարթակ։ Այսօր մեր խնդիրն է ոչ միայն ամրապնդել արդեն իսկ ձևավորված կապերը, այլև նոր բովանդակություն հաղորդել համագործակցությանը։
Այսօր Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների մասին խոսելիս չենք կարող շրջանցել «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը կամ հայեցակարգը։ Ի՞նչ է Իրական Հայաստանը։ Իրական Հայաստանը մեր պետությունն է՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով, իր քաղաքացիներով, պետական ինստիտուտներով, ժողովրդավարական համակարգով և զարգացման ձգտումով։ Այն մեր հայրենիքն է, որտեղ մենք ապրում ենք, աշխատում, ստեղծում, որոշումներ կայացնում և պատասխանատվություն կրում մեր ու հաջորդ սերունդների ապագայի համար։
Առաջ տանել իրական Հայաստանի հայեցակարգը չի նշանակում հրաժարվել մեր պատմությունից, ազգային ինքնությունից, մշակույթից կամ աշխարհասփյուռ հայության հետ կապերից։ Ընդհակառակը, նշանակում է մեր հարուստ ժառանգությունը դարձնել ամուր պետականության և ժամանակակից զարգացման հենարան, իսկ պետությունը դարձնել բոլոր համազգային երազանքների ու նպատակների կիզակետ:
Մենք ունենք հազարամյակների պատմություն և համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի նշանակալի ներդրում։ Ունենք Սփյուռք, որը տարբեր երկրներում պահպանել է իր ինքնությունը և մեծ հաջողությունների հասել գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի, մշակույթի ու հանրային կյանքի ոլորտներում։
Սա մեր հարստությունն է։ Սակայն մեր առջև դրված խնդիրն այդ հարստությունը նաև ապագայի վերածելն է և դեպի Հայաստան ուղղելն է: Բառիս թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և, այո՛, նաև ֆիզիկական իմաստներով:
Իսկ ապագան կառուցվում է ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող պետության միջոցով։ Իրական Հայաստանը պետք է լինի մի երկիր, որտեղ խաղաղությունը ոչ թե հակամարտության ժամանակավոր դադար է, այլ զարգացման հնարավորություն և բնականոն կյանքի հիմք, որտեղ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և ժողովրդավարական ինստիտուտներն առօրյա իրականություն են։
Այսպիսի Հայաստանի կայացման գործում Սփյուռքը նույնպես կարող է իր ներդրումն ունենալ։ Մենք չենք ցանկանում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները սահմանափակել միայն հայրենասիրական զգացմունքներով, պատմական հիշողությամբ կամ բարեգործությամբ։ Դրանք կարևոր են, բայց մեր համագործակցությունը կարող է և պետք է շատ ավելի ընդգրկուն լինի։
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայ մասնագետների, գիտնականների, ձեռներեցների և երիտասարդների ներդրումը Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության և սպորտի, առողջապահության, տեխնոլոգիաների և մշակույթի զարգացման գործում։ Իսկ եթե այդ ներդրումը լինի հայրենադարձության տեսքով, մենք՝ Հայաստանի հայերս, չափազանց երջանիկ կլինենք, ինչպես ցանկացած քույր ու եղբայր երջանկանում են, երբ վերամիավորվում են:
Մեզ անհրաժեշտ են ոչ միայն ներդրումներ, այլ նաև գիտելիք, փորձ, նորարարություն, մասնագիտական կապեր և համատեղ ծրագրեր։ Հայաստանը պետք է դառնա միջազգային համագործակցության և նոր հնարավորությունների հարթակ։
Այս գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները՝ ժողովրդավարությունից և տարածաշրջանային խաղաղությունից մինչև տնտեսություն, կրթություն, առողջապահություն, արհեստական բանականություն և բնապահպանություն, արտացոլում են հենց այդ ձգտումը։
Օրերս այս նույն վայրում անցկացված COP17-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկիրը կարող է հյուրընկալել համաշխարհային նշանակության ձեռնարկներ և իր ներդրումն ունենալ գլոբալ օրակարգի ձևավորման գործում։ Մենք պետք է կարողանանք համատեղել Հայաստանի ներուժը Սփյուռքի միջազգային փորձի և կապերի հետ։
Միաժամանակ պետք է գիտակցենք, որ Սփյուռքը միասնական և միատարր կառույց չէ։ Այն ունի տարբեր պատմություններ, միջավայրեր, առաջնահերթություններ և մոտեցումներ։ Մեր խնդիրն է լսել միմյանց, հարգել տարբերությունները և գտնել համագործակցության ընդհանուր եզրեր։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, վստահության և իրական գործունեության վրա։
Կարծում եմ՝ այս գագաթնաժողովը չպետք է սահմանափակվի լավ քննարկումներով և գեղեցիկ ձևակերպումներով։ Այն պետք է դառնա կոնկրետ գաղափարների, նախաձեռնությունների և համագործակցության նոր ծրագրերի մեկնարկային հարթակ։ Մեր նպատակն է, որ այս օրերին ձևավորված կապերն ու պայմանավորվածությունները շարունակվեն նաև գագաթնաժողովի ավարտից հետո և վերածվեն իրական արդյունքների։
Մեր ընդհանուր պատասխանատվությունն է հաջորդ սերունդներին փոխանցել ոչ միայն հարուստ պատմություն և ազգային ինքնություն, այլև ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող Հայաստան։ Հայաստան, որով հպարտանում են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը և որի ապագայի կերտմանը նրանք մասնակցում են իրենց գիտելիքով, աշխատանքով, նախաձեռնություններով ու ներդրումներով, և, ինչպես արդեն շեշտեցի, հայրենադարձությամբ:
Մեծն Հովհաննես Թումանյանը դեռևս մեկ դար առաջ (1921 թ.) իր խոսքն էր ուղղում աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով լսել հայրենիքի ձայնը և նպաստել ազատ ու շեն հայրենիքի կերտմանը։ Այսօր այդ կոչը նոր բովանդակություն է ստանում։ Մեր խնդիրն է համատեղ ջանքերով կառուցել ուժեղ, անվտանգ, ժողովրդավարական և զարգացող պետություն՝ Իրական Հայաստանը, որը կլինի մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը և մեր ընդհանուր ապագայի հենարանը։
Վստահ եմ, որ այս գագաթնաժողովը կնպաստի այդ նպատակին։ Մաղթում եմ բոլորիս արդյունավետ քննարկումներ, նոր գաղափարներ, հետաքրքիր հանդիպումներ և հաջողված համագործակցություն։ Կեցցե՛ Իրական Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն»,- նշել է ԱԺ նախագահը։