Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս հարցում բոլորիս քայլերը պետք է լինեն այնպիսին, որ ունենան և՛ արդյունավետություն, և՛ օգտակար գործողության գործակից։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հետ կապված ՄԻՊ-ի աշխատանքներին։

Անահիտ Մանասյանը նաև տեղեկացրեց, որ գերիների հարցի մասին անձամբ խոսել է միջազգային բազմաթիվ հարթակներում։

«Այս հարցի բարձրաձայնման արդյունքում է, որ շատ արտաքին դերակատարներ ցանկություն ունեն մեզ կարգավիճակից որոշակի առումով զրկելու, որովհետև եթե զրկվում ես կարգավիճակից, չունես բարձր ամբիոններից վստահելի խոսք ներկայացնելու հնարավորություն»,– ասաց նա։

Լրագրողը ճշտեց, թե «կարգավիճակից զրկել» ասելով՝ ինչ նկատի ունի, իսկ Անահիտ Մանասյանը պարզաբանեց՝ ՄԱԿ-ի կողմից ՄԻՊ հաստատությանը տրված կարգավիճակի մասին է խոսքը։

Ըստ ՀՀ օմբուդսմենի՝ սա հարց է, որը բոլորին մտահոգում է, և ամեն մեկը փորձում է իր ունեցած հնարավորությունների սահմաններում խնդրին լուծում տալ։

Անահիտ Մանասյանը նաև հիշեցրեց, որ իրականացված աշխատանքների արդյունքում շատ գերիների հնարավոր է եղել վերադարձնել Հայաստան, այդ թվում՝ ՄԻՊ դերակատարների և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի իրականացրած գործունեության արդյունքում։

«Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել այս հարցի ուղղությամբ, որ հնարավորինս ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար»,– ասաց նա։

177