Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմսթրոնգ Չանգսանին։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:
Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առկա համագործակցությունը՝ ընդգծելով դրա հետագա ընդլայնման մեծ ներուժը։
Դեսպան Արմսթրոնգ Չանգսանը ևս կարևորել է երկողմ կապերի զարգացումը՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար։
Կողմերն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում Հնդկաստանի քաղաքացիների ուսումնառության հնարավորությունների ընդլայնումը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է օտարերկրյա ուսանողների թվի աճով և պատրաստ է քննարկել ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերը։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության՝ գիտական դրամաշնորհային ծրագրերին արտերկրի հետազոտողների մասնակցության հնարավորությունները՝ առաջարկելով դիտարկել նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունը, մասնավորապես՝ արհեստական բանականության և տեխնոլոգիական ուղղություններով։
Հանդիպմանն անդրադարձ է եղել մշակութային համագործակցությանը՝ կարևորելով երկու երկրների թանգարանների միջև ուղիղ կապերի զարգացումը, համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը:
Ընդգծվել է նաև կինոարտադրության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հնդկաստանի համապատասխան կառույցների միջև ընթացող քննարկումներին։ Կարևորվել են համատեղ կինոնախագծերի իրականացումը և մասնագիտական փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Հնդկաստանի հարուստ փորձն ու Հայաստանի համար ոլորտի զարգացման առաջնահերթությունը։
Դեսպան Արմսթրոնգ Չանգսան շնորհակալություն է հայտնել Հնդկաստանում անցկացվող Տեսալսողական և ժամանցային արդյունաբերության համաշխարհային գագաթնաժողովին (WAVES) Հայաստանի մասնակցության համար և կարևորել հայկական կողմի ներգրավվածությունը նաև 2027 թվականին նախատեսվող միջոցառմանը։
Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի հոբելյանական միջոցառումներին՝ նշելով, որ այս շրջանակում ցուցահանդեսներ, համերգներ և այլ մշակութային ծրագրեր են նախատեսվում։