Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման քաղաքականությունը և մանրածախ բիզնեսի զարգացմանը միտված ֆինանսական գործիքներն ու բանկային պրոդուկտները:

Նոյեմբերի 6-ին Գյումրիում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ անցկացված միջոցառման նպատակն էր մեկտեղել բանկային համակարգի, պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու մարզերում բիզնեսի առաջխաղացումը խթանելու հնարավորությունները:

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց մարզերում բիզնեսի հետ երկխոսության կարևորությունը՝ նշելով, որ տարածաշրջանային զարգացումը տնտեսական անվտանգության կարևոր բաղադրիչ է: Նրա խոսքով՝ բանկային համակարգն էական դերակատարում ունի մարզերի չիրացված ներուժի բացահայտման և ֆինանսական հասանելիության ընդլայնման գործում, և հենց դա է ՀԲՄ նախաձեռնած արդեն չորրորդ մարզային միջոցառման հիմնական նպատակը:

«Շիրակի մարզում Հայէկոնոմբանկի ՓՄՁ ֆինանսավորումն առավելապես ուղղված է զբոսաշրջային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ հյուրանոցային և ռեստորանային տնտեսությունների զարգացմանը: Միևնույն ժամանակ, ֆինանսավորման էական մաս է կազմում նաև արտադրական ոլորտը: Հատկանշական է, որ վերջին շրջանում մարզում մեծ հետաքրքրություն է նկատվում լիզինգ գործիքի նկատմամբ, ինչը հատկապես ակնառու է շինարարական ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման և արևային պանելների տեղադրման համատեքստում: Մարզում ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմանը մեծապես նպաստում է նաև միջազգային կառույցների հետ մեր համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին առաջարկել առավել ճկուն ֆինանսական գործիքներ», – էքսպոյի շրջանակում նշեց Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը։

Հատկանշական է, որ ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանի դիտարկմամբ՝ մարզում ձևավորվել է լիզինգային բավական մեծ պորտֆել՝ աճի դրական դինամիկայով։ Նրա խոսքով՝ Հայէկոնոմբանկը, որպես լիզինգի շուկայի համեմատաբար նոր մասնակից, գրանցում է բավական լավ ցուցանիշներ և ունի զարգացման մեծ ներուժ։

Զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող՝ Հայէկոնոմբանկի կորպորատիվ հաճախորդ «Արատտա Գրանդ» ՍՊԸ-ի հիմնադիր Արման Պետրոսյանի կարծիքով՝ մարզում բիզնեսի զարգացման համար ֆինանսական կառույցներն առաջարկում են բավական ճկուն վարկային պրոդուկտներ։ Միևնույն ժամանակ, նրա դիտարկմամբ, բանկերի գործունեությանը զուգահեռ առանցքային նշանակություն ունեն լայնամասշտաբ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն ու նպատակային ներդրումների ներգրավումը։

Գերմանահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ միջազգային ծրագրերի շրջանակում Շիրակի մարզում ՓՄՁ-ների ֆինանսավորումը հիմնականում ուղղվում է գյուղատնտեսության, զբոսաշրջության և արտադրության ոլորտներին, ինչպես նաև էներգաարդյունավետության ծրագրերին։

Նրա գնահատմամբ՝ վերջին երկու-երեք տարիներին բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից նկատվում է ֆինանսավորման ծավալների զգալի աճ։ Նման միջոցառումները կարևոր դեր ունեն ֆինանսական էկոհամակարգի բոլոր շահակիցների համակարգված գործունեության ապահովման գործում։

Շիրակի ձեռնարկատիրական ներուժի իրացմանը նվիրված համաժողովը դարձավ նոր համագործակցությունների ձևավորման հարթակ՝ ևս մեկ անգամ ընդգծելով բանկերի կարևոր դերակատարումը մարզի տնտեսական և տարածքային զարգացման գործում։

197