Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատիի կենդանաբանական այգում սատկել է իննամյա Ֆիոնա գետաձին, որը սոցիալական ցանցերի աստղ էր և ուներ հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում։
Կենդանաբանական այգու տվյալներով՝ մեկ շաբաթից ավելի առաջ Ֆիոնան կուլ էր տվել այցելուներից մեկի գործած գլխարկը, որն ակամա հայտնվել էր գետաձիերի վանդակում։ Գլխարկը նետել էին օդ, այն դիպել էր առաստաղի օդափոխիչին, որն էլ այն փոքր անցքով նետել էր կենդանիների վանդակ։
Սկզբում Ֆիոնայի ինքնազգացողությունը նորմալ էր, սակայն մի քանի օր անց նրա ախորժակը սկսել էր նվազել։ Կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են խթանել գետաձիու ախորժակը՝ հույս ունենալով, որ գլխարկը կանցնի նրա մարսողական համակարգով։
Այդ նպատակով կենդանաբանական այգին տեղի ձիաբուծական տնտեսությունից վարձակալել է նաև թրթռացող հարթակ։ Ֆիոնային խրախուսել են կանգնել դրա վրա՝ հույս ունենալով, որ թրթռումը կօգնի օտար մարմնին առաջ շարժվել մարսողական համակարգում։ Կենդանուն նաև ուլտրաձայնային և կոլոնոսկոպիկ հետազոտություններ են արել, սակայն դրանք ոչինչ չեն հայտնաբերել։
«Անասնաբույժները փորձել են բոլոր հնարավոր միջոցները նրան օգնելու համար, սակայն, չնայած գետաձիու օրգանիզմից գլխարկը հեռացնելու բազմաթիվ փորձերին, դա այդպես էլ չի հաջողվել»,– հայտնել են կենդանաբանական այգուց։