Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում զգացվում է, թե Հայաստանի կառավարությունն ինչ մեծ և համարձակ քայլ է կատարել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին գրել է Գերմանիայի արտգործանախարար Յոհան Վադեֆուլը։
Նախարարը շեշտել է՝ Հարավային Կովկասի այս երկիրը ժողովրդավարական արժեքներով է առաջնորդվում և այժմ հնարավորություն ունի անցյալում թողնելու տասնամյակներ շարունակվող հակամարտությունները։
«Գերմանիան ցանկանում է աջակցել այդ գործընթացին, ինչի նպատակով էլ այցելել եմ Հայաստան։ Եթե Հայաստանին և Ադրբեջանին հաջողվի խաղաղության պայմանագիր կնքել, դա կնպաստի տարածաշրջանի կայունությանը։ Դրանից կշահի նաև Եվրոպան, մասնավորապես՝ Ասիայի հետ և հակառակ ուղղությամբ մատակարարման շղթաների դյուրացման շնորհիվ»,- նշել է նա։
Վադեֆուլը հայտնել է․ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև անմիջական հարաբերությունները․ «Գերմանիայի և Հայաստանի ռազմավարական օրակարգի շրջանակում ցանկանում ենք խորացնել համագործակցությունը տնտեսության և մշակույթի ոլորտներում, և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են։
Վերջերս Երևանում արդիականացվել է նաև Գյոթեի ինստիտուտը, որն այժմ գերմաներենի և գերմանական մշակույթի սիրահարներին, ինչպես նաև լեզուներով հետաքրքրված հայերին ընդունում է նոր շենքում։
Լայպցիգի և Երևանի միջև վերջերս հաստատված քույր քաղաքների գործընկերությունը ևս վկայում է Գերմանիայի և Հայաստանի ժողովուրդների միջև ձևավորված երկարամյա և սերտ կապերի մասին։ Մենք շարունակելու ենք զարգացնել այդ հարաբերությունները։ Հաջորդ տարի կնշենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը և կամրապնդենք մեր համագործակցությունը»։