Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կովկասի երկրներն այժմ պատմական հնարավորություն ունեն հաղթահարելու պատերազմների տասնամյակները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ նոյեմբերի 17-ին Բաքու և Երևան սպասվելիք այցից առաջ, գրում է DW-ն։

Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Հարավային Կովկասը, որի կազմում են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, այժմ գտնվում է շրջադարձային փուլում և ունի պատմական հնարավորություն՝ վերջնականապես հաղթահարելու պատերազմների, բռնությունների և տեղահանությունների տասնամյակները։

«Այն, ինչը երկար ժամանակ գրեթե անհնարին էր թվում, տեսանելի ապագայում դարձել է իրագործելի։ Հարավային Կովկասում խաղաղության այս հնարավորությունից պետք է օգտվել»,– ընդգծել է նա։

Վադեֆուլը նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցուցաբերած խիզախությունն ու պատասխանատվությունը՝ հիշեցնելով, որ 2025 թվականին երկու երկրների ղեկավարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի նախագիծը։

«Այժմ գլխավորն է վճռականորեն առաջ շարժվել։ Գերմանիան պատրաստ է այս գործընթացում լինել Հայաստանի և Ադրբեջանի հուսալի գործընկերն ու բարեկամը»,– հայտարարել է նախարարը։

Վադեֆուլը նշել է, որ Բաքվում և Երևանում նախատեսում է քննարկել, թե ինչպես կարող է Բեռլինն աջակցել լարվածության թուլացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին։

Նրա համոզմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բաց սահմանները օգուտ կբերեն ոչ միայն տարածաշրջանի բնակիչներին, այլև ամբողջ Եվրոպային։

125