Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Էներգետիկ վերափոխումը մեր կառավարության համար ռազմավարական թեմա է, որովհետև նախևառաջ շատ հետաքրքիր է, թե իրականությունն ինչպես է վերափոխվում, քանի որ մեկ տասնամյակ առաջ Հայաստանը երկիր էր, որն էներգետիկ ռեսուրսների անբավարարություն ուներ, իսկ հիմա վերականգնվող էներգետիկայի զարգացման շնորհիվ Հայաստանը հնարավորություն է ստացել ունենալ էներգետիկ անկախություն՝ բառի բուն իմաստով։ Այս մասին Digitec 2026-ի շրջանակում «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ բաց քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հիմա շատ լավ տեմպով զարգանում է վերականգնվող, հատկապես արևային էներգետիկան, բայց հիմա մեզ անհրաժեշտ է ստեղծել կուտակիչ հզորություններ։
«Ակնհայտ է, որ առանց կուտակիչ հզորությունների արևային էներգետիկայի ՕԳԳ-ն կրկնակի նվազում է։ Մենք նոր ատոմակայան ենք, իհարկե, կառուցելու, մենք էներգիայի տարբեր տեսակները զարգացնելու ենք, բայց կա ևս մեկ կարևոր իրադարձություն վաղը, միջոցառում, որն ուղղակիորեն կապված է այս զրույցի հետ։ Վաղը մենք պաշտոնապես ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը կազդարարենք, և այս ծրագրի շատ կարևոր մաս է էլեկտրաէներգիայի տարանցումը՝ տրանզիտը։ Եվ հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։
Մենք արդեն կապակցված ենք Իրանի, Վրաստանի հետ, և մենք ներդրումներ ենք անում, որպեսզի էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։
Նկատի ունեմ, որ սա իրոք շատ կարևոր և անհավատալի վերափոխում է։ Իսկապես, այս նախագիծը՝ «Խաղաղության խաչմերուկը», դառնում է իրականություն»,– հայտարարեց վարչապետը։