Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
2027 թվականի հունվարի 1-ից e-work.am հարթակի միջոցով կմեկնարկի զբաղվածության ապահովմանն ուղղված պետական աջակցության նոր ծրագիր, որը նախատեսված է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անդամների համար։
Ծրագրի շրջանակում շահառուներին կտրամադրվի մինչև 250,000 դրամ արժողությամբ էլեկտրոնային վաուչեր, որը կարող է օգտագործվել ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպություններում։ Վաուչերը կարող է իրացվել տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում՝ միայն մեկ անգամ։
Ձեռք բերված մասնագիտությամբ աշխատանքի ընդունվելու դեպքում գործատուներին եռամսյակային կտրվածքով կտրամադրվի աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից վճարված եկամտային հարկի փոխհատուցում՝ աշխատանքային գործունեության առաջին երեք ամիսների համար՝ 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25,000 դրամ, իսկ 4-6-րդ ամիսների համար՝ 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 50,000 դրամ։
Աշխատանքային հարաբերությունների շարունակման դեպքում շահառուներին կտրամադրվի նաև միանվագ դրամական աջակցություն՝ աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվելու դեպքում՝ 100,000 դրամ, իսկ 12 ամիս շարունակվելու դեպքում՝ ևս 200,000 դրամ։