Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոր Սահմանադրության նախագծի շուրջ առաջիկայում հանրային քննարկումներ կանցկացվեն, որից հետո փաստաթուղթը կշրջանառվի նաև պաշտոնական ընթացակարգերով։ Կառավարության նիստում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախագծի ձևավորման փուլում Արդարադատության նախարարությունը համագործակցել է բոլոր գերատեսչությունների հետ, հավաքագրվել են տարբեր առաջարկներ և գաղափարներ, իսկ այժմ ձևավորվել է նախագծի առաջին տարբերակը։
Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթը դեռ կլրամշակվի, և ներկայացված գաղափարները քննարկման ենթակա են։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, նոր Սահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակից։
Վարչապետն ակնկալում է, որ քննարկումներին ակտիվորեն կմասնակցեն քաղաքացիները, հայրենակիցները, կազմակերպությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները։
Փաշինյանի խոսքով՝ նման մասշտաբի քաղաքական փաստաթղթի մշակման ընթացքում անհրաժեշտ է լինել ճկուն, լայնախոհ և հնարավորինս ներառական։ Սակայն նա ընդգծել է, որ ներառականությունը չպետք է շփոթել բոլոր հնարավոր առաջարկները մեկ փաստաթղթում ներառելու հետ։
«Փաստաթուղթը պետք է ունենա որոշակի վեկտոր, որոշակի աերոդինամիկա, և չի կարելի իր մեջ հակադիր պրոցեսներ ստեղծել»,- նշել է վարչապետը։