Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ դարձել է հանցավոր կիբերհարձակման թիրախ, որի հետևանքով արտահոսել է անձնական և գործարար տեղեկությունների սահմանափակ ծավալ։ Այս մասին կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է Reuters-ին։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան խստորեն դատապարտել է անձնական տվյալների ապօրինի ձեռքբերումն ու հրապարակումը՝ կատարվածը որակելով որպես գաղտնիության լուրջ և անընդունելի խախտում։

«Նման գործողությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ տուժած անձանց համար», — նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

ՖԻՖԱ-ից նաև տեղեկացրել են, որ միջադեպի հետաքննության շրջանակում համագործակցում են իրավապահ և այլ համապատասխան մարմինների հետ։

Միևնույն ժամանակ, կազմակերպությունը չի բացահայտել հարձակման տեխնիկական մանրամասները, տեղի ունենալու ժամկետները, տուժած անձանց կամ կազմակերպությունների թիվը, ինչպես նաև չի հաստատել հաքերների ձեռքում հայտնված նյութերի բովանդակությունը։

ՖԻՖԱ-ի հայտարարությունը հաջորդել է Handsome Boy Hacking Club անունով հաքերային խմբի գործողություններին։ Վերջինս նոյեմբերի 19-ին X սոցիալական ցանցում հրապարակել էր ՖԻՖԱ-ի ներքին ֆայլերը պատկերող լուսանկար, իսկ ավելի ուշ հայտարարել, որ կազմակերպության Microsoft միջավայրից գողացել է ավելի քան 12 գիգաբայթ տվյալ։

Հաքերները պնդում են, որ իրենց ձեռքում են հայտնվել անձը հաստատող և ներգաղթային փաստաթղթեր, ֆինանսական, իրավական, ինչպես նաև ներքին կառավարմանը վերաբերող նյութեր։ The Record-ի տեղեկություններով՝ խումբը փորձել է շանտաժի ենթարկել ՖԻՖԱ-ին, սակայն չստանալով պահանջած գումարը՝ հրապարակել է տվյալները կիբերհանցագործների հարթակում։

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ կիբերհարձակումը չի առնչվել FIFA Forward Enterprise նախագծի փաստաթղթերին։ Խոսքը Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու՝ մինչև 4,2 միլիարդ դոլար արժողությամբ նախկին ծրագրի մասին է, որը ժամանակին չեղարկվել էր։

Կիբերհարձակման հետևանքների ամբողջական պատկերը դեռևս պարզվում է։

29