Գործադիրն այսօր կքննարկի Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի ընդունումը պայմանավորված է գինեգործական ընկերությունների մոտ առկա կոնյակի սպիրտի մնացորդների իրացման հարցում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ տողում նշված՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների իրացում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար տնտեսավարող սուբյեկտները վճարում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ և 3-րդ պարբերություններով սահմանված համապատասխանաբար լրացուցիչ 25 և 100 դրամ պետական տուրքեր։
Որոշման նախագծով առաջարկվում է Կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություն, ըստ որոնց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակներում տնտեսավարողներին տրամադրել օժանդակություն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտի 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից 2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը վճարված Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով, իսկ օժանդակության տրամադրման ընթացակարգը սահմանել Էկոնոմիկայի նախարարի հրամանով։
Սույն Որոշման նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Որոշման նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
Սույն Որոշման նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողներին կտրամադրվի պետական օժանդակություն 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու իրացման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2021 թվականի խաղողի մթերումների գործընթացը։
Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ ավելի քան 40 տոկոսով կամ շուրջ 3.0 մլն լիտրով կավելանան կոնյակի սպիրտների արտահանման ծավալները և կկազմեն շուրջ 13.5 մլն լիտր, իսկ 13.5 մլն լիտր կոնյակի սպիրտների իրացման դեպքում կունենանք շուրջ 150.0 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ ազատ տարողություններ։