ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո հանրապետությունում ներքաղաքական կյանքը ավելի սրվեց. ՀՀ նախագահը չի ստորագրել ՀՀ վարչապետի միջնորդությունը` ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին: 

Ըստ Սահմանադրության 141 հոդվածի՝ սահմանվում է, թե որ դեպքում է հնարավոր ՀՀ նախագահի պաշտոնանկությունը: Հոդվածի առաջին կետով Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար: Երկրորդ կետով  Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան, իսկ երրորդ կետով` Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հիշեցնենք` ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ պահանջում են ՀՀ վարչապետի և գործող կառավարության հրաժարականը:

Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ասելով, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է:  ՀՀ վարչապետը հանդես է եկել ֆեյսբուքյան ուղիղ եթերով և հայտարարել, որ նոր որոշում է կայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու մասին:

Նշենք` Հանրապետության նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով հետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Նիկոլ Փաշինյանն էլ Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը դարձյալ ուղարկեց նախագահին:

 

 

 

1041