Կարենը հոկտեմբերի 23-ին չզանգեց: Կինը` Հայկանուշն այդ օրը երկար սպասեց` հայացքը չկտրելով բջջայինից: Բայց ապարդյուն... Երբ ամբողջ ազգուտակը խառնվեց` իմացան, որ Կարենը վիրավորվել է: Հիվանդանոց ու դիահերձարան չմնաց, որ չփնտրեն: Պարզվեց` «Էրեբունի» բժշկական կենտրոնում է:

Հայկանուշն ամուսնուն խոստացել էր չլացել մինչև նրա վերադարձը: Հավաքվեց, որպեսզի հանկարծ երեխաները` Սերգեյն ու Լուսյան, իրեն ընկճված ու խեղճացած չտեսնեն:

...Կարենը ծանր գլխուղեղային վիրավորումով անգիտակից վիճակում պառկած էր: Հայկանուշը ամուսնու կողքին էր` մտքում աղոթք, որ Կարենն ապրի, որ իր երկու անչափահաս երեխաները որբ չմնան:  Հայկանուշը պատերազմի լուրն առավոտյան հարևանուհու հետ սուրճ խմելիս է իմացել, իսկ երբ ամուսինն իմացավ, ասաց, որ անպայման գնալու է:

Հայկանուշի աչքի առաջ էր իր և ամուսնու խոսակցությունը: Թե ինչպես խնդրեց Կարենին մի քանի օր էլ համբերի: Ու կիսաթաց աչքերով հիշում է, թե ինչպես չգնաց աղջկա պարի համերգին, որպեսզի ամուսինը հանկարծ թաքուն ռազմաճակատ չգնա, ինչպես արեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Բայց Կարենը խոստացել էր, որ չի գնա: Ու իսկապես սեպտեմբերի 27-ին չգնաց, բայց հերթագրվեց մի քանի ջոկատում: Իսկ  սեպտեմբերի 29-ին գնաց Արտաշատի զինկոմիսարիատ, կամավորագրվեց ու սեպտեմբերի 30-ի առավոտյան գնաց:

«Խնդրում էի, ասում էի մի գնա, մի քանի օր էլ սպասի, եթե էլի կշարունակվի կգնաս: Ասեցիր` չեմ կարող հանգիստ պառկեմ, քնեմ, երբ գիտեմ սահմանին 18 տարեկան տղերքն են կռվում,- ամուսնու մահճակալի մոտ ասում էր Հայկանուշը, հույս ունենալով, որ Կարենը կլսի իր ձայնը։- Հիշում ես` ինձ  հակառակում էիր համոզում, որ ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ նորմալ է: Ասում էիր մի հավատա, հետ եմ գալու: Կարեն, հիշիր, տղայիդ խոստացել ես, որ հետ ես գալու, ասեցիր՝ տղես, չմտածես, պապան հետ է գալու...»:

Վիրավորումը ծանր էր:  Ճիշտ  է` բժիշկները  հնարավոր ու անհնար ամեն բան արեցին, որ փրկեն կամավորական Կարեն Երեմյանի կյանքը:  Չապրեց:

 Այսօր Հայկանուշն ամուսնու մասին անցյալ ժամանակով է խոսում: Հիշում է, թե ինչպես անկատար մնացին սովորական գյուղացու առօրյա կյանքով ապրող ամուսնու սովորական երազանքները:

«Երբ վերջին անգամ Կարենը տուն զանգեց, սիրտս ճմլվեց, կծկվեց: Ահավոր բան կատարվեց: Բայց ես խոստացել էի, որ չեմ հուզվելու: Կարենը կռվել է Մարտունիում: Իջեցրել են Ճարտար գյուղ, որպեսզի տեղափոխվեն Ֆիզուլի: Դեպքն էլ Ֆիզուլիի ճանապարհին է եղել` ռմբակոծության տակ են մնացել»: 

Հայկանուշն իր երեխաների հետ հաճախ է գնում ամուսնու գերեզմանին: Երեխաներն արդեն հասուն են ու գիտակցում են, որ իրենց հայրը գնաց Հայրենիքը փրկելու: Գնաց, որ իր որդին` Սերգեյը, երբ զինվոր դառնա, ու Աստված չանի, մեր երկրում էլի պատերազմ սկսվի, իր նմանները կանգնեն  զինվոր որդու կողքին:

Հայկ Մագոյան

09 Ապրիլ, 2021 15:52
1665
; ;