
Ապրիլի 12-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) և Արմավիրի մարզպետարանը ստորագրեցին Արմավիրի մարզում ՔՈԱՖ-ի կրթական, առողջապահական ծրագրերի իրականացման, երեխայի և ընտանիքի ծառայությունների մատուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, իսկ ՔՈԱՖ-ն ու Հացիկի համայնքապետարանը՝ Հացիկում Մանկան զարգացման կենտրոնի հիմնման համաձայնագիր։
ՔՈԱՖ-ի գործունեությունը Հայաստանում դեռևս 2004թ․ մեկնարկել է հենց Արմավիրի մարզից՝ Քարակերտ գյուղից։ 17 տարիների ընթացքում ՔՈԱՖ-ը ոչ միայն չի դադարեցրել իր ծրագրերն Արմավիրի մարզում, այլև ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ հասնելով Արագածոտնի, Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզեր։
Չնայած որ գյուղական համայնքների զարգացման 2 խոշորագույն ներդրումային ծրագրեր, ինչպիսիք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ն ու ՍՄԱՐԹ Դեբետն են, իրականացվում են Լոռու մարզում, Արմավիրի մարզը շարունակում է մնալ ՔՈԱՖ-ի ուշադրության կենտրոնում։ Պատահական չէ, որ մարզի 8 գյուղական համայնքներում Հիմնադրամը ծավալում է ակտիվ գործունեություն՝ ի դեմս կրթական, առողջապահական ծրագրերի, ինչպես նաև երեխայի և ընտանիքի ծառայությունների։ Այս մեծածավալ ծրագրերի շարունակական իրականացման կապակցությամբ էր, որ ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյունն Խաչատուրյանն ու Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
«Որպեսզի ավելի պատկերավոր լինի աշխատանքի այն ծավալը, որ մենք իրականացնում ենք Արմավիրի մարզի մեր շահառու 8 գյուղերում, բերեմ մեկ օրինակ՝ ՔՈԱՖ-ը այսօր այդ բոլոր գյուղերում հասանելի է դարձրել սոցիալական աշխատողի, հոգեբանի, լոգոպեդի բարձրորակ ծառայություններն այն պարագայում, երբ անգամ քաղաքներում այդ մասնագետների, հատկապես լոգոպեդների պակասը շատ է զգացվում»,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։
ՔՈԱՖ-ը շարունակում է ներդրումներ կատարել Արմավիրի մարզում․ Հացիկ գյուղում շուտով կհիմնվի Մանկան զարգացման կենտրոն, ինչի կապակցությամբ էլ ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն ու Հացիկի համայնքապետ Արթուր Եղիազարյանը ստորագրեցին համաձայնագիր։ Կենտրոնը նախատեսված է լինելու Հացիկի ու մոտակա համայնքների 3-6 տարեկան երեխաների համար` միտված ապահովելու նրանց համակողմանի զարգացումն coaf.org [email protected] +374 10 502076 առողջ դաստիարակության միջավայրի, ուժեղ կողմերի ակտիվացման և թույլ կողմերի ուժեղացման ճանապարհով։
«Այսօր Հայաստանում երեխաների շուրջ 70%-ն ընդգրկված չէ նախադպրոցական կրթության մեջ․ մանկան զարգացման մեր կենտրոնների շնորհիվ մենք փորձում ենք հնարավորինս լուծել այս խնդիրը գյուղական համայնքներում»,- եզրափակում է Կորյուն Խաչատուրյանը։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսի 27-ին: