Ես կարծում եմ, որ վերջին ամիսներին միջազգային ճնշման առումով շարժ կա, ակնհայտ շարժ կա, և մեր խնդիրն է՝ մեծացնել այս ճնշումը։ Անդրադառնալով հայ գերիների հարցին  «Ազատության» եթերում ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Վերջինս հատկապես նշել է, որ չի լինելու մեկ կազմակերպություն կամ մեկ հայտարարություն, որը կլուծի խնդիրը, սա որպես մեկ ամբողջություն է պետք դիտարկել։

Անդրադառնալով քաղաքացիական պատերազմի վերաբերյալ խոսակցություններին Ռուբինյանը ասաց, որ երկրում կան ուժեր, որոնք ամեն առիթով նման խոսակցություններ են բացում.

«Այս խոսակցություններն ուռճացված են, և ի վերջո, որպեսզի քաղաքացիական պատերազմ լինի, պետք է լինեն երկու և ավել քաղաքացիների խմբեր, որոնք պատրաստ են իրար արյուն թափել։

Ես կարծում եմ, որ այս առումով մոր ժողովուրդը իմաստագույն ժողովուրդ է և երբևէ թույլ չի տա նման բան լինի։ Ատելության որոշակի մթնոլորտ կա իշխանությունից զրկված կրիմինալ խմբակների մոտ ժողովրդի հանդեպ և նաև սրա արդյունքում գուցե որոշակի ժողովրդի որոշակի մասի կողմից նրանց հանդեպ։ Բայց մեծ հաշվով մենք ունենք համերաշխ հասարակություն»։

Ինչ վերաբերում է  անպատժելիության մթնոլորտի, Ռուբինյանը պատասխանել է, որ որոշակի խմբեր, օգտվելով այն առիթից, որ մեր երկիրն ապրում է ծանր օրեր և չափազանց մեծ կարոտախտով վերաբերելով կորցրած իշխանությանը, լկտիացել են շատ մեծ չափով. 

«Վերջին ամիսներին դրական տեղաշարժ կա այն առումով, որ այս մթնոլորտը կոտրվում է, և դա կապված է նաև, այդ թվում դատական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ»,-ասել է պատգամավորը։

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Ռուբինյանն ասաց, որ պատերազմում թերագնահատվում է Ադրբեջանի գործոնը։ Նա նշեց. «Եթե մեր պնդումը հետևյալն է, որ մեր դիվանագիտությունն է տապալվել, դրա համար պատերազմ եղավ, ես կարծում եմ, որ դա ինչ-որ չափով մաքրում է Ադրբեջանին մեղքից։ Իրավիճակը հասել էր մի կետի, որ Հայաստանը կա՛մ պետք է ընդուներ անընդունելի բաներ, կա՛մ լինելու էր պատերազմ»:

1072