Ադրբեջանի իշխանությունների կողմից տարվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ ևս մեկ վճիռ է կայացվել ընդդեմ Ադրբեջանի։Այ մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

«Ղարաբաղ կատարած այցելության պատճառով Բաքվի բանտում հայտնված լրագրող-բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ բանտում իրականացված մահափորձը և Ադրբեջանի իշխանությունների կողմից դրա ոչ արդյունավետ քննությունը որակվեցին որպես Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտում:

Մասնավորապես, 2020 թվականի մայիսի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Լապշինն ըննդեմ Ադրբեջանի» գործով արձանագրել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումներ՝ կյանքի իրավունքի նյութական և ընթացակարգային ասպեկտներով։

Գործը վերաբերում է Բաքվի բանտում գտնվելու ընթացքում դիմումատուի նկատմամբ կատարված մահափորձին, որի կապակցությամբ Ադրբեջանի իրավասու մարմինները չեն իրականացրել պատշաճ քննություն։

Մարդու իրավունքների եվրոպական դտարարանը գտել է, որ բանտում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ քննությունը եղել է ոչ արդյունավետ և ի խախտումն Ադրբեջանի՝ Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությունների։ Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ Ադրբեջանը, կրելով ապացուցման բեռը, չի ներկայացրել ողջամիտ և բավարար բացատրություններ դիմումատուի կյանքը վտանգող միջադեպի վերաբերյալ, ինչն էլ հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական ասպեկտով խախտման։

Եվրոպական դատարանը պարտավորեցել է Ադրբեջանին դիմումատուին վճարել 30,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում», – նշված է տարածված հաղորդագրությունում։

951