«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սյունիքի մարզի Կապան քաղաքում իր ամփոփիչ հանրահավաքից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեց 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ ընտրակեղծարարների վերաբերյալ տարածված այն լուրերին, թե Կապանում քվեարկողներին կոչ են անում քվեախցերից դուրս բերել ՔՊ կուսակցության համար 3 քվեաթերթիկը: «Դա անթույլատրելի է: Կապանցին դա ներել չի կարող: Սյունեցին անկախ է, թասիբով է, իրավատեր է»,- հայտարարեց Պապիկյանը:

Նա կոչ արեց բոլորին իրենց տեղը ցույց տալ հունիսի 20-ի քվեարկությամբ:

Ներկայացնելով 2021 թվականին Սյունիքի մարզում կատարվելիք ճանապարհաշինարարական աշխատանքները՝  Պապիկյանը տեղեկացրեց, որ ընդհանուր կառուցվելու է 125.6 կմ ճանապարհ:

ԱԺ պատգամավոր, պատգամավորի թեկնածու Արմեն խաչատրյանը հայտարարեց, որ կաշառք առաջարկողները «ազգի տականքներն են»: «Այդ տականքներն են փշրում մեր ապագան, մեր երեխաների լուսավոր ապագան, երկիրը տանում են դեպի գարշահոտ ճահիճ»,- նշեց սյունեցի պատգամավորը:

15 Հունիս, 2021 20:23
92
; ;