
Վերջին շրջանում օնլայն տաքսի ծառայությունների դրույքաչափերը և հավելավճարները զգալի բարձր են․ հաճախ՝ կրկնակի կամ եռակի։ Եթե բարձր սակագնով տաքսի գտնելը ստացվում էլ է՝ հաճախորդները ստիպված են լինում ավելի երկար սպասել, մինչև վարորդը հաստատի պատվերը և մոտենա պատվիրատուին։
Իրավաբան․net-ը խոսել է GG և Yandex տաքսի ծառայությունների ներկայացուցիչների հետ` փորձելով պարզել, թե ո՞րն է վերջին շրջանում նման խնդիրների առաջացման պատճառ(ներ)ը։
GG-ն նվազագույն արժեքի փոփոխությունը կապում է վերջին շրջանում պատվերների ավելացման հետ։
Ընկերության սպասարկման բաժնի ներկայացուցիչ Գայանե Գարեգինյանը նշում է, որ նրանք աշխատանքներ են կատարում, որպեսզի ներգրավվեն նոր գործընկերներ (վարորդներ) և կարողանան հնարավորինս կայուն պահել նվազագույն արժեքը։
«Գործընկերների ներգրավումը ժամանակ է պահանջում, այդ պատճառով չենք կարողանում արագ շտկել ստեղծված իրավիճակը և հետ բերել նվազագույն արժեքը, որը երկար տարիներ GG ընկերությունը չի փոխել։
Օրվա յուրաքանչյուր ժամի հնարավոր է՝ նվազագույն արժեքը փոխվի։ Կախված նրանից, թե որտեղ է գրանցվում պատվերը, այդ տարածքում ինչպիսի ակտիվություն է դիտարկվում, կան արդյոք համապատասխան թվով գործընկերներ այդ տարածքում, դրանից ելնելով նվազագույն արժեքը նույնը չի մնում»,-նշում է նա ու հավելում, որ եթե պատվերների թիվը չի գերազանցում վարորդների թիվը, ապա դրույքաչափի փոփոխություն չի գրանցվում։
Yandex-ը հավելավճարի առկայությունը ևս կապում է տարածքում առաջարկի և պահանջարկի տարբերության հետ։ Երբ առաջարկը ավելի քիչ է, կան ավելի քիչ մեքենաներ, քան պահանջարկն է, գինը ինքնստիքյան թանկանում է։
«Թանկացման համար կան հատուկ ալգորիթմեր, որոնք չափում են, թե որքան պետք է բարձրանա արժքը։
Որքան դրույքաչափը բարձր է լինում, այդքան մեքենաները մոտիվացվում են դուրս գալ գիծ և բալանսավորել այդ պահի դրությամբ տվյալ տարածքում առաջարկը և պահանջարկը»,-նշում է Yandex տաքսիի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը։
Ընկերությունները թանկացման 2 հիմնական գործոնի մասին են հայտնում․ գերպահանջարկը և աշխատանքային շուկայի սակավություն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։