Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ տնտեսական ոլորտին առնչվող լավ լուրեր ունի։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Առաջիկայում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները կաճեն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Տնտեսական ոլորտին առնչվող լավ լուրեր կան. այս պահին «Հարավկովկասյան երկաթուղում» ամբողջովին թարմացվում է շարժակազմը։ Հայաստանի համար սա շատ լավ լուր է, քանի որ կյանքի է կոչվում ներդրումային մեծ ծրագիր»,–ասաց Փաշինյանը։

Նա Պուտինին հիշեցրեց, որ այս թեման քննարկել էին դեռ 2019-ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ։

Փաշինյանը հայտնեց, որ այսօր Հայաստան է ներմուծվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 10 000-ից ավել խմբաքանակ։ Նա շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին  պատվաստանյութի տրամադրման համար։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց` կորոնավիրուսային իրավիճակը կայուն է ՀՀ-ում, ինչով պայմանավորված ռուս զբոսաշրջիկների հոսք կա։



Աղբյուր՝ armeniasputnik.am

1385