Վաղը՝ հուլիսի 9-ին, Սահմանադրական դատարանը կքննի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ներկայացված դիմումները։ Նշենք, որ այդ պահանջով ՍԴ են դիմել ընտրություններին մասնակցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական ու «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

Սահմանադրական դատարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա երեք ներկայացուցիչ, որից երկուսը կլինեն արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ 

ՍԴ-ում որպես ՔՊ ներկայացուցիչներ հանդես գալու համար Ռուստամ Բադասյանն ու Սուրեն Գրիգորյանը պետք է արձակուրդի մեջ լինեն։ Մենք կապ հաստատեցինք արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանի հետ՝ ճշտելու համար, թե ստորագրվա՞ծ են արդեն նրանց արձակուրդի դիմումները։ 

«Ռուստամ Բադասյանն արձակուրդում է լինելու այդ գործընթացի ժամանակ, իսկ Սուրեն Գրիգորյանն արդեն իսկ արձակուրդում է»,-պատասխանեց Լուսինե Մարտիրոսյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 7-ին, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ-ում ներգրավվել է որպես երրորդ անձ և կմասնակցի արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճի դատավարությանը։ 

Նա նաև տեղեկացրել էր, որ առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը՝ դաշինքների ու կուսակցությունների կողմից ՍԴ ներկայացված դիմումների կապակցությամբ։

Աղբյուր՝ civic.am

97