Անվանի հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Նիկողոսյանն բժշկագիտության նվիրյալներից, որի մասին կրտսեր գործընկերները տասնամյակներ անց բժշկական համալսարանում հիշում են հատուկ ակնածանքով և սիրով: Անվանի հիգիենիստ Գայանե Նիկողոսյանն այսօր կդառնար 100 տարեկան: Գործընկերների գնահատմամբ՝ Գայանե Նիկողոսյանին դեռ տասնամյակներ առաջ հաջողվել է և վեր հանել ոլորտի արդի խնդիրները: Նա մասնագիտական գործունեության երկար տարիներ նվիրել է երեխաների, դեռահասների առողջության պահպանման խնդիրներին, միջավայրի գործոնների նորմավորմանը:

«Գայանե Գերասիմովնան երեխաների և դեռահասների հիգիենայի դպրոցի ստեղծողն է ու հիմանդիրը: Շատ զարգացած ու բարձր ինտելեկտի տեր անձնավորություն էր: Մասնագետ, որի խոսքը ծանրակշիռ էր և լսելի ոչ միայն Հայաստանում, այլև ԽՍՀՄ երկրներում»,- ավագ ուսուցչուհուն հիշելով՝ պատմում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը:

Երևանի պետական բժշկական համալսարանը տեղեկացնում է, որ առաջիկայում՝ աշնանը, Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի նախաձեռնությամբ բժշկական բուհում կանցկացվի բժիշկ-գիտնականի 100-ամյա հոբելյանին նվիրված համաժողով, որի շրջանակում կքննարկվեն մի շարք արդի հարցեր, այդ թվում՝ թվային հիգիենայի վերաբերյալ: Քննարկվող հարցերի շրջանակում կլինեն այնպիսի խնդիրներ, որոնց մասին դեռևս տարիներ առաջ բարձրաձայնել է պրոֆեսոր Նիկողոսյանը:

Գայանե Նիկողոսյանը ծնվել է 1921թ. հուլիսի 12-ին Թիֆլիսում: Բժշկական բուհի շրջանավարտն ինստիտուտն ավարտել է 1943-ին, և նույն թվականից  մասնագիտական բեղուն ուղին սկսել է հարազատ կրթօջախում: 1959-1985թթ. երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնի վարիչն էր, այնուհետև Սանիտարահիգիենիկ և ստոմատոլոգիական  ֆակուլտետի դեկանը, 1970-1989թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանության գլխավոր մասնագետը, 1949 թվականին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1969թ.-ին արժանացել է բժշկական գիտությունների դոկտորի, 1970թ.՝ պրոֆեսորի կոչման: Հիգիենիստների հասարակական խորհրդի, ինչպես նաև երեխաների և դեռահասների հիգիենայի ԽՍՀՄ պրոբլեմային հանձնաժողովի անդամ էր:

Գիտական գործունեությունը նվիրված է եղել դպրոցականների առողջական վիճակի, ֆիզիկական զարգացման, աշխատունակության, մանկական հաստատությունների նախագծման հարցերի ուսումնասիրմանը և հիգիենիկ նորմերի մշակման հարցերին:

Բազմաթիվ գիտական հրապարակումների, այդ թվում «Երեխաների ուսումնա-դաստիարակչական պրոցեսի կազմակերպումը» (1976) աշխատության, «Երեխաների և դեռահասների հիգիենա» (1967) դասագրքի հեղինակն է:

1078