
Հուլիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդես։ Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Հընթացս շնորհանդեսի են ներկայացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության կողմից լույս ընծայված «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուն և «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրությունը:
«Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուի ստեղծման, աշխատության կարևորության և արդի կիրառելիության վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել իրավագիտության պատմության պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանը:
Շնորհանդեսն ամփոփվել է Ամենայն Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով, որին հաջորդել է ավանդական գինեձոնը։