Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հունիսի 1-ից մեկնարկած ամառային դպրոցի ծրագիրն ավարտվեց սեպտեմբերի 1-ի նախաշեմին:

Ամռան ընթացքում ավելի քան 50 երեխա հնարավորություն է ունեցել մասնակցելու գրադարանի կազմակերպած կրթամշակութային և ճանաչողական այցերին ու միջոցառումներին:

Մասնակիցների համար կազմակերպվել են այցեր Հ. Թումանյանի, Մ. Սարյանի, Ալ. Սպենդիարյանի, Ա. Խաչատրյանի, Ռուսական արվեստի և Պ. Բորոյանի անվան տիկնիկների թանգարաններ, «Էդիթ Պրինտ» հրատարակչության գրքի արտադրամաս, «Զանգակ» գրատուն: Ամառային դպրոցի սաները ներկայացումներ են դիտել Հ. Թումանյանի անվան տիկնիկային և Խամաճիկների թատրոններում:

Երեխաների համար գրադարանը կազմակերպել է գրքի ընթերցումներ, քննարկումներ, հանդիպումներ հայ մանկագիրների հետ, հմուտ ձեռքերի, ասեղնագործության, մեդիագրագիտության, օտար լեզուների փոխգործուն դասեր, «Ես և շրջակա միջավայրը», «Մի հայտնագործության պատմություն», «Աշխարհի շուրջ» խորագրերով թեմատիկ զրույցներ, բակային խաղեր:

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ամբողջ անձնակազմը շնորհավորում է բոլոր դպրոցականներին, ուսանողներին և մանկավարժներին Գիտելիքի տոնի առթիվ՝ մաղթելով բեղմնավոր ուսումնական տարի:

1912