Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

Արդեն ավարտվել են հորատման աշխատանքները, կատարվում է կամրջի հիմքերի ամրանավորում և բետոնացում։

Կամրջի կառուցումն ընթանում է շինարարական փուլի աշխատանքային պլանին համապատասխան: Կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 9 մլն եվրո, որից 7,2 մլն եվրոն հանդիսանում է ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային միջոց, 1,8 մլն եվրոն՝ երկու երկրների բյուջետային միջոցներ։

Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։

 

84