Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոն»֊ում տեղի է ունեցել «Յան Սփիրեյշն» արտադրամասի ձեռագործ հագուստի ցուցադրությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Յան Սփիրեյշն» ընկերությունը, 2015 թվականից սկսած, իր գործունեությունը ծավալում էր Շուշիում: Ընտանեկան ներուժով հիմնված արտադրամասն աշխատանքի ավելի մեծ ծավալներով վերաբացվել է Ստեփանակերտում։ Մեզ հետ զրույցում «Յան Սփիրեյշն» ձեռագործ հագուստի արտադրամասի հիմնադիր-տնօրեն Անուշ Մանուկյանը պատմել է.

«Փոքր տարիքից միշտ սիրել եմ գործել, մեր տանը բոլորը գործում էին:Պատերազմից հետո, երբ Արցախում կային հոգեբանական և տնտեսական ընկճման միտումներ, մի խումբ սփյուռքահայերը մտածեցին, որ դա պետք է փարատվի բիզնեսին զարկ հաղորդելով: Ներկայացված մի քանի ծրագրերից ընտվեց «Յան Սփիրեյշն» արտադրամասի վերաբացման ծրագիրը: Մենք արտադրում ենք մանկական, կանացի և տղամարդկանց հագուստ, այսինքն՝ հագուստ ողջ ընտանիքի համար: Ընկերության արտադրանքը հասանելի կլինի ինչպես Արցախում ու Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, իսկ պատվերների ամբողջ գործընթացը կկազմակերպվի օնլայն տարբերակով, ինչը հնարավորություն կտա արտադրանքը սպառել արտասահմանյան շուկայում, մասնավորապես՝ ԱՄՆ֊ում, Ռուսաստանում, Եվրոպայում»,- ասել է Ա. Մանուկյանը: Ընկերությունը որդեգրել է կարևոր մի գաղափար՝ մերժել թուրքական արտադրանքը։ «Արտադրամասում օգտագործվող բոլոր նյութերը ներկրվում են արտասահմանից: Թելերը բարձրորակ են։ Մեր բոլոր մոդելները գործված են էսքիզներով: Այսօր արտադրամասն ունի տասը աշխատող, որոնց թվում են Արցախի գյուղերից տեղահանված կանայք»,- նշեց մեր զրուցակիցը:

335