2021թվականի հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցով հաստատված բոլոր միջոցառումները մինչև սույն թվականի հոկտեմբերի 8-ը պատշաճ ձևով կազմակերպված են և ըստ ժամանակացույցի կատարված:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրան Ավետիսյանը:

«Առաջին անգամ 44-օրյա պատերազմից հետո անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և շատ կարևոր է, որ այս ընտրությունները հնարավորինս լուսաբանվեն բոլոր լրատվամիջոցներով: ԱՀ կառավարության որոշմամբ՝ հաստատված համայնքներում նոր հերթական ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են 4 լրատվամիջոցեր՝ ընդհանուր 27 ներկայացուցիչով և 2 դիտորդական կազմակերպություններ՝ 17 ներկայացուցիչով», - նշել է Ս. Ավետիսյանը:

Անդրադառնալով ընտրություններին մասնակցող թեկնածուներին՝ մեր զրուցակիցը նշել է.

«Մարտունու շրջանի Հերհեր համայնքում գրանցած է համայնքի ղեկավարի 1, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում ղեկավարի ՝ 1, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայքում ղեկավարի՝ 2 և ավագանու անդամների՝ 5 (այստեղ առաջին անգամ անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ընտրություններ), Խաչմաչ համայնքում ղեկավարի՝ 2 թեկնածուներ»:

2021թվականի հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ տեղեկություններին հնարավոր է ծանոթանալ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

290