Ավելի քան 650 լրագրողներ տարբեր երկրներից մասնակցել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կազմակերպած հետաքննությանը։ BBC-ն՝ Guardian-ի եւ այլ գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել է օֆշորային ընկերությունների 12 միլիոն փաստաթղթեր։

 Շուրջ 3 տերաբայթ ծավալով փաստաթղթերը ստացել են Պանդորայի թղթեր անվանումը: «Պանդորայի փաստաթղթերում»  տեղեկություններ կան աշխարհի ներկա և նախկին տասնյակ նախագահների թանկարժեք ունեցվածքի մասին:
Բացահայտվել են ֆինանսական մեքենայություններ, որոնցում ներգրավված են 91 երկրների 35 գործող եւ նախկին համաշխարհային առաջնորդներ, ավելի քան 330 քաղաքական գործիչներ եւ հանրային ծառայողներ։
                                                  

Գաղտնի փաստաթղթերում արտացոլված են Հորդանանի թագավորի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Քենիայի, Էկվադորի, նախագահների, Չեխիայի վարչապետի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերի գործարքները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 35 գործող եւ նախկին նախագահների թվում է, որոնք հիշատակվում են հոկտեմբերի 3-ին հրապարակված «Պանդորայի փաստաթղթերում»։

Մեծ Բրիտանիայում Crown estate կազմակերպությունը հետաքննություն է սկսել 67 միլիոն ֆունտ ստերլինգ արժեցող լոնդոնյան սեփականության հետ կապված, որը, ինչպես պարզվում է, գնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամիլիարդատեր ընտանիքից։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած «Պանդորայի փաստաթղթերում» մասնավորապես ասվում է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա ընտանիքը, որոնց մեղադրում են երկիրը թալանելու համար, գաղտնի կերպով Մեծ Բրիտանիայում մասնակցել են անշարժ գույքի գործարքներին, որոնց գումարը գերազանցել է 400 միլիոն ֆունտ ստերլինգը»։

Նշվում է, որ անշարժ գույքի գնումը ներառում է մեկ շենք, որը 2009-ին 33,5 մլն ֆունտ ստերլինգով ձեռք է բերվել օֆշորային ընկերության կողմից։ Շենքը գտնվում է Լոնդոնի ամենաթանկարժեք շրջանում՝ Մեյֆերում, ձեռք է բերվել Mallnick Holdings ընկերության կողմից, որը պատկանում է Իլհամ Ալիեւի ընտանիքին 2009 թվականից: Մեկ ամիս անց սեփականության իրավունքը վերաձեւակերպված է նախագահ Իլհամ Ալիևի որդու՝  Հեյդարի անունով, որն այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էր։

                                                  

Pandora Papers-ում պարունակում են վկայություններ, թե ինչպես է Ադրբեջանի առաջնորդ Ալիեւի ընտանիքը ձեռք բերել 17 անշարժ գույքի օբյեկտ Մեծ Բրիտանիայում:

Արտահոսքի ենթարկված ֆինանսական փաստաթղթերի վերլուծության արդյունքում նաեւ պարզ է դարձել, որ մյուս գրասենյակային շենքը, որը գտնվում է մերձակայքում, Ալիեւների ընտանիքը 2018 թվականին վաճառել է 66 միլիոն ֆունտով Crown Estate-ին, որից հայտնել են, որ նախքան գնումը անցկացվել են օրենքով նախատեսված բոլոր ստուգումները, իսկ այժմ իրականացվում է կրկնակի ստուգում:

                                       

«Այս բացահայտումները կարող են գլխացավանք դառնալ բրիտանական կառավարության համար, որովհետեւ Ալիեւները, ըստ երեւույթին, 31 միլիոն ֆունտ ստերլինգի շահույթ են ստացել՝ Լոնդոնի իրենց գույքերից մեկը վաճառելով Crown Estate ընկերությանը, որը պատկանում է թագավորական ընտանիքին եւ տնօրինվում է Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կողմից»,- գրում է BBC֊ն:

Հիշեցնենք, որ տեղի է ունեցել օֆշորային փաստաթղթերի հերթական խոշոր արտահոսքը, որում տեղեկություններ կան աշխարհի ներկա և նախկին տասնյակ նախագահների թանկարժեք ունեցվածքի մասին:

Կոնսորցիումը ավելի վաղ այդ հետաքննությունը ֆինանսական գաղտնիքների ամենախոշոր բացահայտում էր անվանել։ Նշվում է, որ փաստաթղթերում առկա են 117 երկրներից ավելի քան 600 լրագրողների ռեպորտաժներ ու արտահոսքի հետևանքով ավելի քան 11,9 միլիոն ֆայլերից ստացված տվյալներ:

Լյուսիյա Պետրոսյան

20618