Հոկտեմբերի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) նախաձեռնությամբ հրապարակվեց «Պանդորայի զեկույցը», որտեղ խոսվում է աշխարհի մի շարք առաջնորդների՝ օֆշորային սխեմաներում ենթադրյալ ներգրավվածության մասին։ Փաստաթուղթը հավակնում է դառնալ վերջին շրջանում ֆինանսական գաղտնիքների ամենամեծ բացահայտումը։

Ուսումնասիրությունները կատարելու համար հավաքվել էին ավելի քան 600 լրագրող 117 երկրից: Նրանք ուսումնասիրել են 11,9 միլիոն գաղտնի ֆայլեր․ սա համարվում է գաղտնի փաստաթղթերի երբևէ ամենամեծ արտահոսքը: Խոսքը 2.94 տերաբայթ տվյալների մասին է: Դրանք վերլուծվել են ICIJ-ի լրագրողների և աշխարհի 150 լրատվամիջոցների գործընկերների կողմից:

Ինչն է ամենահետաքրքիրը՝ որ այս զեկույցում հայտնի «օֆշորային գիգանտերի» կողքին հայտնվել է Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին, որն իշխանության էր եկել առաջին հերթին այդ ամենի դեմ պայքարելու համար։

Ըստ զեկույցի՝ 2012 թվականին, երբ «Квартал 95» ստուդիան անցավ օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հեռուստաալիքին, Վլադիմիր Զելենսկին և նրա մտերիմները ստեղծեցին օֆշորային ընկերությունների ցանց, որոնք այժմ միլիոնավոր դոլարների շքեղ անշարժ գույք ունեն Լոնդոնում: Մասնավորապես Սերգեյ Շեֆիրը՝ սցենարիստ և պրոդյուսեր, «Квартал 95»-ի համահիմնադիրը, որն այժմ Զելենսկու առաջին օգնականն է, օֆշորային ընկերության միջոցներով Լոնդոնում երկու բնակարան ունի: «The Guardian»-ը գրում է, որ խոսքը 2016 թվականին 1.575 մլն ֆունտ ստերլինգով գնված երկու սենյականոց բնակարանի և Բեյքեր սթրիթի մոտ գտնվող երեք սենյականոց բնակարանի մասին է, որը գնվել է 2014 թվականին՝ 2.2 մլն ֆունտ ստերլինգով: Այս երկու բնակարանների արժեքը գնման պահին կազմել է 3,8 մլն ֆունտ (5,8 մլն դոլար):

Լոնդոնում էլիտար անշարժ գույքը պատկանում է նաև Անդրեյ Յակովլևին, որը Զելենսկու նախկին գործարար գործընկերն է և «Квартал 95» ֆիլմերի և սերիալների ռեժիսորը: Ըստ Մեծ Բրիտանիայի հողային ռեգիստրի՝ Յակովլևը Լոնդոնում խորհրդարանից 10 րոպե ճանապարհ հեռավորության վրա ունի բնակարան, որը գնվել է 1.5 մլն ֆունտ ստերլինգով (2.3 մլն դոլար):

Զեկույցում նշվում է, որ Զելենսկուն շրջապատող օֆշորային ընկերությունների ցանցի «սիրտը» հանդիսանում է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Maltex Multicapital Corp»-ը, որը հավասար բաժնետոմսերով պատկանում է Զելենսկուն և նրա կնոջը, Սերգեյին և Բորիս Շեֆիր եղբայրներին, ինչպես նաև Անդրեյ Յակովլևին: Զելենսկուն և նրա կնոջը պատկանում է «Maltex Multicapital Corp».-ի քառորդ մասը: Լրագրողները բացահայտել են, որ նախագահական ընտրությունների առաջին փուլից գրեթե երեք շաբաթ առաջ՝ 2019 թվականի մարտի 13 -ին, Զելենսկին այս ընկերության իրեն պատկանող 25% բաժնեմասը նվիրաբերել է Շեֆիրին, որը քաղաքացիական ծառայող չէ և տարեկան եկամուտների մասին հայտարարագիր չի ներկայացնում:

«Պանդորայի զեկույցում» է հայտնվել նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովը՝ Զելենսկու մանկության ընկերն ու «Квартал 95»-ի նախկին իրավաբանը: Նրան պատկանում էր «Davegra Limited» ընկերությունը, որը «Maltex Multicapital Corp.»-ի անվանական սեփականատերն էր, և պահել է «Maltex»-ի գաղտնի փաստաթղթերը՝ իրական շահառուների ցուցակը և բիզնեսում նրանց բաժնետոմսերի չափը: 2019 թվականին, երբ Բականովը սկսեց ղեկավարել Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, նա այս ընկերությունը փոխանցեց Յակովլևին:

Պանդորայի զեկույցը վկայում է, որ Յակովլևին է պատկանում նաև «Candlewood Investments Limited» ընկերությունը, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Այս ընկերությունը միլինավոր դոլարներ է ստացել PrivatBank-ից, որը կապ ունի ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հետ: Հրապարակվել է մի սխեմա, համաձայն որի՝ Զելենսկին և նրա թիմի օֆշորային ընկերությունները 2012 թվականից 40 մլն դոլար են ստացել Կոլոմոյսկու հետ կապ ունեցող ընկերություններից: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Квартал 95» ստուդիան սկսեց համագործակցել «1 + 1» հեռուստաալիքի հետ:

 Զելենսկին, Յակովլևը, Բականովը և Շեֆիրը հրաժարվել են շփվել հետաքննող լրագրողների հետ:

«Պանդորայի փաստաթղթերը» պարունակում են նաև տեղեկատվություն օֆշորային ընկերությունների ցանցի մասին, որոնք պատկանում էին պատգամավոր Ալեքսանդր Գերեգեին: Այս ֆիրմաները կապված են Ղրիմում գտնվող հիպերմարկետների ցանցի հետ։ 

Ջուլիետա Մկրտչյան

 

309