Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների տիրապետության տակ են գտնվում այն ապացույցները, որոնք բավարար են Մարտակերտում Արամ Տեփնանցին սպանած անձին և հանցագործության գործիքը նույնականացնելու համար: Այս մասին տեղեկացրին Արցախի դատախազությունից:

«Ինչպես արդեն հայտարարվել էր ԱՀ ներքին գործերի նախարարության կողմից, 2021թ. հոկտեմբերի 9-ին Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական աշխատանք կատարելիս` մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանքի հատկանիշներով (սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), նշանակվել են փորձաքննություններ, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները: Նախաքննական մարմնի տիրապետության տակ են գտնվում այն ապացույցները, որոնք բավարար են հանցագործության գործիքը և հանցանք կատարած անձին նույնականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ադրբեջանական կողմն առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին:

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները պատրաստակամ են ռուսական խաղաղապահ ուժերին ներկայացնելու այն ապացույցները, որոնք փաստում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացու նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելը:

Նշվում է, որ Ադրբեջանը, հանդիսանալով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի անդամ երկիր, ստանձնել է կյանքի իրավունքը հարգելու պարտականություն: Չկատարելով Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունները, ադրբեջանական կողմը մեկ անգամ ևս թույլ է տալիս եզրահանգելու (արցախահայությունը դրանում վաղուց համոզված է), որ նման հանցավոր արարքները կրում են կազմակերպված և ուղղորդված բնույթ և իրենց ամբողջությամբ դադարում են լինել սոսկ մարդու դեմ ուղղված արարք` կրելով ահաբեկչական բնույթ ու նպատակ:

455