Իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն չի կարողանա օգնել թիմին մոտակա երեք ամիսների ընթացքում՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է ակումբի Twitter-ի էջը։ 
Անցած շաբաթ օրը Ագուերոն Իսպանիայի առաջնության «Ալավեսի» հետ խաղում խաղադաշտը լքեց 41-րդ րոպեին։ «Բարսելոնան» հայտնել է, որ Ագուերոն կրծքավանդակի ցավեր է ունեցել, ինչի պատճառով էլ նրան ուղարկել են հիվանդանոց։
«Ագուերոն ախտորոշումն անցել է սրտաբան բժիշկ Խոսեպ Բրուգադանի մոտ: Նա անհասանելի կլինի խաղերին մասնակցելու համար, իսկ առաջիկա երեք ամիսների ընթացքում բուժման գնահատում կիրականացվի՝ հետագայում ապաքինման ժամկետները որոշելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
33-ամյա արգենտինացին մրցաշրջանում մասնակցել է հինգ խաղի։ Նա վնասվածքի պատճառով բացակայել է մինչև հոկտեմբերի կեսերը։
279