Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի» գործով դատական նիստը: Սերժ Սարգսյանը մեղադրում է Խաչատուր Սուքիասյանին, թե պատգամավորը իբր զրպարտել է իրեն։ Դատարանից պահանջում է Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել հերքելու այդ տեղեկությունները:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստում ելույթ ունենալու ժամանակ Խաչատուր Սուքիասյանն ասել էր. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»: 

Դատարանում, հայցվոր կողմի պահանջը լսելուց հետո, պատասխանող Խաչատուր Սուքիասյանի փաստաբանը ներկայացրեց իր առարկությունները. 

«Առաջին հերթին հարկ ենք համարում անդրադառնալ` արդյոք ներկայացված պահանջը առհասարակ իրավաչափ է, թե ոչ: Համաձյան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ մասի՝ բխում է, որ վերոգրյալ անձը զրպարտության դեմ դատական պաշտպանության դիմելիս կարող է ներկայացնել սահմանափակ թվով և բովանդակությամբ պահանջներ: Դրանք երկուսն են: Այն է` հրապարակային հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները կամ հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը, վճարել փոխհատուցում առավելագույնը 2 միլիոն դրամի չափով: Սակայն նորմի դիսպոզիցիայից ակնհայտ է, որ ոչ բոլոր դեպքերում անձը կարող է պահանջել հրապարակայնության հերքելու պահանջը, քանի որ նորմը պահանջում է պատասխանատվության այդ միջոցի վրա հասնելու նախապայմաններ: Մասնավորապես դրանք են` զրպարտությունը պետք է տեղ գտած լինի լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, և հերքումը կամ պատասխանը պետք է տարածվի այդ նույն լրատվության միջոցներում»: 

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը հարցուպատասխանի ժամանակ  նշեց. «Օրենքի մեկնաբանությունից և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից ու ՍԴ արտահայտած իրավական դիրքորոշումից պարզ է, որ այն հանգամանքը, որ  արտահայտությունը հանդիսանում է փաստացի, տվյալ ապացուցման բեռը պետք է կրի հայցվորը: Այնպես որ մենք դա ապացուցել  չենք պատրաստվում: Պնդում ենք` դա գնահատողական դատողություն է»,- ասաց Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչը և առարկություն ներկայացրեց, որ հայցվոր կողմը չի կարող իր հայցում հերքում պահանջել։

 Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2022 թ. հունվարի 17-ին` ժամը 11։30–ին։

Մանրամասները` տեսանյութում:

1115