#Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Տիգրան Եղիազարյանի և Հարություն Գուլյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Մաստարայի միջնակարգ դպրոց:

 Շրջայց կատարելով դպրոցում՝ մարզպետը ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային հագեցվածությանը և իրակացված բարեկարգման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկվել են նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Այցի շրջանակներում ներկաները զրուցել են դպրոցի կոլեկտիվի հետ, լսել են նրանց խնդիրներն ու առաջարկները:

-Առանց լավ կրթության հնարավոր չէ ունենալ զարգացած, պաշտպանված ու անվտանգ երկիր: Հենց սա է պատճառը, որ մենք դեմքով շրջվել ենք դեպի կրթություն, և այս համակարգում բարեփոխումների ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնային է: Իմ՝ կրթօջախներ այցելելու նպատակը տեղում, հենց մանկավարժներից, դպրոցի անձնակազմից իրենց խնդիրները լսելն է, որպեսզի հնարավորինս շուտ ու արդյունավետ լուծումներ գտնենք,- ասել է մարզպետը:

Քննարկվել են հանրակրթության ոլորտի մի շարրք հարցեր, որոնք վերաբերում են վերապատրաստումներին, ատեստավորումներին, դասապրոցեսի կազմակերպմանը, աշակերտների առաջադիմությանը. քննարկվել են նաև դպրոցում ջերմային ռեժիմի պահպանման, հակահամաճարակային կանոնների պահպանման, պատվաստումների վերաբերյալ հարցեր:

 Արագածոտնի մարզպետարանը շուրջ 10 միլիոն դրամ է հատկացրել դպրոցին, որով ամբողջությամբ վերանարոգվել և մարզագույքով է հագեցվել դպրոցի մարզադահլիճը, վերանորոգվել են սանհանգույցներ, ձեռք է բերվել համակարգիչ և այլ գույք:

 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ մարզպետարանի համագործակցության արդյունքում՝ դպրոցում տեղադրվել է 10կՎտ հզորության արևային կայան:

173