Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով  4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 31 հրշեջ-փրկարարական  ջոկատի հրշեջ-փրկարարները, դուրս են բերվել  ավտոմեքենաներից և տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին  վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:  

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի  Գեղարքունիքի մարզային  քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վաչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ:  

Այս պահին  վթարի վայրի զննություն են կատարւմ Սևանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ  Լևոն Նազարյանը, Անդրանիկ Մխեյանը: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով  տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

 

Աղբյուր՝ shamshyan.com

631