
Հեռուստապրոդյուսեր Տաթևիկ Սայադյանին հաճախ կարելի է տեսնել աշխարհահռչակ մարդկանց ընկերակցությամբ: Գործունեության երկար տարիների ընթացքում նրան հաջողվել է վաստակել շատերի վստահությունը: Արդյո՞ ք հեռուստապրոդյուսեր դառնալը նրա երազանքներից մեկն է եղել:
«Ո'չ,-անկեղծորեն ժպտալով ասում է Տաթևիկը,- ես, ինչպես հրիմնականում բոլոր աղջիկները, երեխաները, երազել եմ դառնալ երգչուհի, ուսուցչուհի, հետո էլ` հաղորդավարուհի, ինչն իհարկե մոտ է այն ամենին, ինչով տարիներ շարունակ զբաղվում եմ մեծ սիրով: Տատիկս բանաստեղծություններ էր սովորեցնում, և երբ տանը հյուրեր էին լինում, նա մեծ հպարտությամբ ինձ կանչում էր, և ես արդեն գիտեի, որ պետք է անտրտունջ արտասանեի որևէ բանաստեղծություն, որ ծնողներս հպարտանան: Նման առիթների ժամանակ ես ինձ բեմում էի պատկերացնում, մի պահ փակում էի աչքերս և երևակայում, որ ինձ լսում են ոչ միայն մեր հյուրերը, այլև ամբողջ աշխարհը: Դպրոցում սիրում էի հատկապես հայոց լեզվի և գրականության դասերը և առանձնակի ոգևորությամբ էի գրում հանձնարարված շարադրությունները, քանի որ դրանք դեռ այն տարիներին ինձ օգնում էին դրսևորել իմ պատկերացումները: Եվ այդպես, իմ երազանքին հետևելով, մի օր հայտնվեցի հեռուստատեսության կախարդական աշխարհում, սակայն շատ շուտ հասկացա, որ հաղորդավարուհի լինելը թեև մանկակության երազանք էր, բայց ինձ ավելի լայն հորիզոններ են սպասում: Ուրախ ու երջանիկ եմ, որ աշխատանքի փնտրտուքների հենց սկզբնական փուլում ես հանդիպեցի Ռաֆայել Հովհաննիսյանի նման գործի գիտակ ու բարեկիրթ մարդու, ում հետ ծանոթությունը կարծես կանխորոշեց իմ ապագան»:
Աշխատանքի բերումով շատ եք ճամփորդում, աշխարհի շատ երկրներում եք եղել, ո՞ր երկիրն է ամենից շատ դուր եկել:
«Այո, շատ են լինում արտագնա նկարահանումներ և ես մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ վերաբերվում դրանց: Չեմ կարող առանձնացնել որևէ երկիր ու քաղաք, քանի որ իմ սրտի մայրաքաղաքը` իմ ծննդավայր Երևանն է: Սակայն ինձ դուր են գալիս եվրոպական մայրաքաղաքները, որոնք երբեմն, իրոք, հեքիաթային են, երազանքների երկիր ԱՄՆ-ը, արևելյան քաղաքներն էլ իրենց հմայնք ունեն, սակայն ինձ համար յուրաքանչյուր ճամփորդություն առանձնանում է աշխատանքիս արդյունքներով, և հետագայում տպավորվում են ոչ միայն տեսարժան վայրերը, այլ նաև այդ քաղաքներում տեղի ունեցած հանդիպումները, ծանոթություններն ու իրականացրած նախագծերը»:
Պատկերացնու՞մ եք ձեզ առանց այս աշխատանքի:
«Բնավ ո'չ, ես սիրում եմ իմ աշխատանքը, այն իմ կյանքն է, ես երջանիկ եմ, որ կարողացել եմ համատեղել աշխատանքս ընտանիքիս հետ և արդյունում ոչ մի կողմը չի տուժել: Ամուսինս ու երեխաներս ևս հպարտանում են իմ աշխատանքով և շնորհակալ եմ նաև նրանց` ինձ մշտապես աջակցելու համար: Հիմա արդեն կարող եմ վստահորեն ասել, եթե կյանքում մասնագիտություն ընտրելու ևս մեկ հնարավորություն ունենամ, կրկին կընտրեմ պրոդյուսերի գաղթակղիչ մասնագիտությունը»:
Ժաքլին Բիսեթ` «Ոսկե Գլոբուս» -ի դափնեկիր
Ռիչարդ Գալիանո՝ վիրտուոզ ակորդեոնահար
Թերի Ջորջ՝ Օսկարի դափնեկիր