Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է՝ զարգացնելու Հյուսիս-Հարավ ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքները՝ միաժամանակ խորացնելով համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կամուրջը նախատեսվում է և վստահաբար կկառուցվի։ Դուք տեղյակ եք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցվում է։ Եվ նաև գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր համագործակցությունը և տնտեսական գործակցությունը խորացնելու վերաբերյալ մենք ունենք պայմանավորվածություններ և կոնկրետ ծրագրեր»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների հնարավոր բացման պայմաններում արդեն քննարկվում է Հայաստան–Իրան երկաթուղու ստեղծումը։ 

«Մենք կստանանք երկաթուղային կապ Հայաստանից դեպի Իրան և հակառակ ուղղությամբ։ Դա շատ կարևոր լոգիստիկ ուղի է դառնալու, ինչը էապես կընդլայնի մեր տնտեսական գործակցության հնարավորությունները։ Այդ հնարավորություններից կօգտվեն ոչ միայն Հայաստանը և Իրանը, այլև՝ Ադրբեջանը, քանի որ երկաթուղին անցնելու է Հայաստանի, Նախիջևանի և Իրանի տարածքով»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս նախագծերը կարող են զգալիորեն բարձրացնել տարածաշրջանի տարանցման ներուժը՝ Հայաստանի համար ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական աճի, առևտրի ու տրանսպորտային կապերի զարգացման առումով։

400