
Պուտինն ու Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն են տարածել՝ քննադատելով Արևմուտքի քաղաքականությունը։ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը ուրբաթ օրը՝ փետրվարի 4-ին, հայտարարություն են տարածել, որում Պեկինը պաշտպանում է Արևմուտքին ուղղված Մոսկվայի անվտանգության պահանջները։ Փաստաթղթի տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում։ «Չինական կողմը ըմբռնումով է վերաբերվում և աջակցում է Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական պարտադիր երաշխիքների ձևավորման Ռուսաստանի Դաշնության առաջարկներին»,- ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են արել ԱՄՆ-ին հրաժարվել Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանում և Եվրոպայում ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումից: Ռուսաստանն ու Չինաստանը նաև մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև դաշինքի՝ AUKUS-ի ստեղծման կապակցությամբ և կոչ են անում մասնակիցներին հավատարմորեն կատարել միջուկային և հրթիռային զենքը չտարածելու իրենց պարտավորությունները։ Կողմերը դեմ են արտահայտվում դեմոկրատական արժեքների չարաշահմանը, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտությանը, ինչպես նաև աշխարհում պառակտում և առճակատում հրահրելու փորձերին։ Պուտինն ու Սի Ցզինպինը շեշտում են, որ «ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է օգտագործվի որպես այլ երկրների վրա ճնշում գործադրելու գործիք»։
Արամ Սիմոնյան