Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը վարկած է հնչեցրել, ըստ որի` Ռուսաստանը զգալի ռազմական ներկայություն է պահպանում Ուկրաինայի հետ սահմանին։

«Ռուսաստանը զգալի ուժեր է պահպանում և շարունակում է մանևրել: Մենք դեռ չենք կարող ասել՝ դա ռոտացիա՞ է, թե՞ զորքերի դուրսբերում», - ասել է նա՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Միաժամանակ նախարարը նշել է, որ ռազմական գործողության համար «ստեղծվել են բոլոր պայմանները, սակայն Ռուսաստանը նման որոշում չի ընդունել»։

Նա նաև մտահոգություն է հայտնել Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Մենք շատ մտահոգված ենք այս իրավիճակով և ինքներս մեզ հարցնում ենք՝ արդյոք Ռուսաստանը զորավարժություններից հետո այնտեղ կպահի իր զորքերը», - ասել է Լը Դրիանը։ Նա հիշեցրել է, որ փետրվարի 7-ին Մոսկվայում Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնն այս հարցով մտահոգություն է հայտնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Մենք հավաստիացումներ ենք ստացել, որ զորավարժություններից հետո ռուսական զորքերը կվերադառնան կայազորներ և չեն տեղակայվի Բելառուսի տարածքում»,- ասել է Լե Դրիանը։

Միաժամանակ նա մատնանշել է «Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների շուրջ»։ «Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ նույնքան, որքան Եվրոպային»,- ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը։

776