Ապրիլի 1-ից 3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Էդուարդ Սահակյանի գլխավորած հավաքականը նվաճել է 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ Մեդալային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը։ 

Ոսկե մեդալ է նվաճել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալներ են նվաճել 55 կգ Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ Գևորգ Ղարիբյանը և 67 կգ Սլավիկ Գալստյանը։ 

Ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77կգ) որակավորման փուլում մրցագորգ էր դուրս եկել Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Մինկևիչուսի հետ և 1 րոպե 58 վայրկյանին 9։0 հաշվով հաղթանակ տոնել։ Այնուհետև 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով վստահ հաղթել էր սլովակ Դենիս Խորվաթին  և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար պայքարի մեջ էր մտել Ադրբեջանը ներկայացնող, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սանան Սուլեյմանի հետ և 6։5 հաշվով փայլուն հաղթանակ տարել։ Կիսաեզրափակիչ փուլում ժամանակից շուտ, 4 րոպե 10 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել էր շվեդ Պեռ Ալբին Օլօֆսոնին և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար գոտեմարտը տրվել էր բավականին դժվարությամբ, բայց Ամոյանը կարողացել էր 4։3 հաշվով առավելության հասնել 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 Եվրոպայի չեմպիոն թուրք ըմբիշ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած աշխարհի առաջնությանը ոսկե մեդալ նվաճելուց հետո Ամոյանը հայտարարեց օլիմպիական քաշ տեղափոխվելու մասին: Նա մինչ այդ հանդես էր գալիս 72 կգ քաշային կարգում։ 

 55 կգ քաշային բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից և 6։5 հաշվով հաղթել Ուրկրաինան ներկայացնող Կորյուն Սահրադյանին։ Կիսաեզրափակիչում 3։7 հաշվով պարտություն էր կրել Ադրբեջանը ներկայացնող Էլդանիզ Ազիզլիին։ Այնուհետև բրոնզե մեդալի համար պայքարում մրցագորգ էր դուրս եկել Ռումինիայի ներկայացուցիչ Դենի Ֆլորին Միհայի հետ և 9։1 հաշվով փայլուն հաղթանակ տոնել նրա նկատմամբ և դարձել Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ 

60 կգ Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարել Գերմանիայի ներկայացուցիչ Աբդոմոհամադ Պապիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 3։2 հաշվով դժվարությամբ առավելության էր հասել վրացի ըմբիշ Պրիդոն Աբուլաձեի նկատմամբ, իսկ եզրափակիչ փուլ դուրս գալու համար Ղարիբյանը գոտեմարտել էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ Էդմոնդ Նազարյանի հետ և 1։10 հաշվով պարտվել։ Բրոնզե մեդալի համար պայքարում մրցել էր Հունգարիան ներկայացնող Էրիկ Տորբայի հետ և 5։1 հաշվով հաղթանակից հետո նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։ 

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Մեկնարկային գոտեմարտում 5։0 հաշվով առավելության էր հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Ռոջեր Կլեմանի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Այնտեղ էլ ժամանակից շուտ առաջին մրցափուլում 9։0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել նորվեգացի Մորթեն Տորեսենի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար պայքարում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը մրցել էր 2021 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի հետ և հաղթել տուշեով: 

 

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկը սկսել էր քառորդ եզրափակիչից և 2 րոպե 26 վայրկյանին 9։0 հաշվով հաղթել էր Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յուրկյանսին։ Բրոնզե մեդալի համար պայքարում  գոտեմարտել էր Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Ույարի հետ եւ պարտվել 5:6 հաշվով:

82 կգ քաշային Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 1:1 հաշվով պարտվել էր մոլդովացի ըմբիշին: 

130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 3:1 հաշվով հաղթել էր լեհ Ռաֆալ Կրաևվսկիին: Քառորդ եզրափակիչում Օվասապյանը 1:5 հաշվով պարտվել էր ադրբեջանի ներկայացուցիչ Բեկա Կանդելակիին:

1426