
Իտալիայի Սաբաուդիա քաղաքում մայիսի 20-22-ը կանցկացվի Եվրոպայի ակադեմիական թիավարության պատանեկան մինչև 19 տարեկանների առաջնությունը:
Թիավարության հանրապետական մարզադպրոցի տնօրեն, վաստակավոր մարզիչ Մելիք Սանդրոսյանը ասել է, որ ջրուղիներում իրենց ունակությունները կդրսևորեն նաև մեր երկրի ներկայացուցիչներ Մհեր Միրզոյանը և Արմեն Հալաջյանը: Նրանց մրցավայր կուղեկցի ԽՍՀՄ առաջնության և միջազգային խոշոր մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր, փորձառու մասնագետ Միսակ Աղաբալյանը:
Մեր տղաները եվրոպական ստուգատեսում կմրցեն երկտեղանոց զույգթիանի նավակով՝ 2000 մետր դասական ոճում: Ճիշտ է, երկյակի անդամները տարբեր մարզիչների սաներ են, բայց փորձառու Աղաբալյանին հաջողվել է մեկտեղել թիավարներին և նրանց աշխատանքը դարձնել համաչափ ու ներդաշնակ: Սա հույս է ներշնչում, որ երևանցի մարզիկներն իրենց լավ կդրսևորեն և հուսախաբ չեն անի: