Համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում արյան կամավոր դոնորությունը խրախուսելու նպատակով ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպված արյունատվության ակցիային մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարին է միացել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Դառնալով արյան անվարձահատույց դոնոր` նախարարը շնորհակալություն է հայտնել արյան կամավոր և անվարձահատույց բոլոր դոնորներին, կանոնավոր արյունատվություն կատարողներին` իրենց արյունը հանուն բազմաթիվ կյանքերի նվիրաբերելու համար: «Այս տարի մենք իրականացրինք արյան կայանների միացման ռեֆորմը. այսօր ունենք միացյալ՝ մեկ կենտրոնից կառավարվող հանրապետական արյան ծառայություն, որն, իհարկե, դեռ բարելավման, սարքավորումներով հագեցման կարիք ունի, բայց ոլորտում առաջին կարևոր քայլերն արդեն արվել են»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը կարևորել է արյան պաշարների ճիշտ կառավարումը և բոլոր մարզերում նույն չափանիշներով հավաքագրված, պահպանված և էլեկտրոնային ձևով կարգավորվող արյան բանկերի ստեղծումը, ինչն անվտանգային նշանակություն ունի: Ի դեպ, նշենք, որ այս տարի մեկնարկելու է նաև արյան բանկի կառուցումը:

230