Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է պարոն Հարությունյանի աշխատանքային այցը Վրաստան և բարձր գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Նշվել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման  համար:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Վրաստանի վարչապետին փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Պարոն Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ բազմոլորտ համագործակցության խորացմամբ ու երկկողմ օրակարգի առաջմղմամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ են կատարել  նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին:

Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել վարչապետ Փաշինյանին:

Վրաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պետական կառավարման մարմինների միջև փոխգործակցությանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

817