
«Լրագրողներ առանց սահմանների» ազդեցիկ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է ամենամյա ԶԼՄ-ների ազատության 2022 թվականի զեկույցը, որտեղ Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը՝ 63-րդից տեղից բարձրանալով 51-րդ տեղը։
Հայաստանը, զբաղեցնելով 51-րդ տեղը, առաջատարն է տարածաշրջանում․ հետխորհրդային տարածքում նա զիջում է միայն Մոլդովային և Բալթյան երկրներին։ Նշվում է, որ «չնայած բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ։ Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի՝ հատկապես Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի առնչությամբ։
Վրաստանը 89-րդ տեղում է։ «Պաշտոնական միջամտությունը խաթարում է մամուլի ազատությունը բարելավելու ջանքերը: 2021 թվականին երկիրը աննախադեպ թվով ֆիզիկական հարձակումների է ենթարկվել լրագրողների նկատմամբ»,- նշված է զեկույցում։
Թուրքիան զբաղեցնում է 149-րդ տեղը։ Թուրքիայում աճում է ավտորիտարիզմը՝ մարտահրավեր նետելով ԶԼՄ-ների բազմակարծությանը: Քննադատներին լռեցնելու համար օգտագործվում է ամեն հնարավոր միջոց։
Ադրբեջանը նույն զեկույցում 154-րդ տեղում է։ «Նախագահ Իլհամ Ալիևը ոչնչացրել է բազմակարծության ցանկացած ձև և 2014 թվականից ի վեր անխղճորեն փորձում է լռեցնել մնացած քննադատներին»,- ասվում է զեկույցում։
Ըստ զեկույցի՝ աշխարհի ամենաազատ լրատվամիջոցը գտնվում է Նորվեգիայում. մամուլի ազատությունը պաշտպանող նորվեգական իրավական դաշտը ամուր է: