Կառավարությունն ընդունեց  «Պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու նախագիծը, որով նախատեսված է հանրապետության երեք հատվածներում իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ: Նախագիծը ներկայացվեց Կառավարության նիստի ընթացքում:

Նշված ճանապարհահատվածներից մեկը Տաթև-Աղավնին է: 17.5 կմ հատվածում առաջ եկած թերությունները վերացվել են:

«Հիմա այդտեղ վերին շերտ է տեղադրվում, և այդ վերին շերտի տեղադրման համար գումար է պետք հատկացնել»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Ընդհանուր առմամբ 2 միլիարդ 734 միլիոն դրամ է նախատեսված, որից 2 միլիարդ 689-ը շինարարության համար է, 25 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, 19 միլիոն դրամը՝ հեղինակային հսկողության:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս համատեքստում անդրադարձավ Տաթև Աղավնի հատվածին և նկատեց, որ այն ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց, սակայն այս տարի ճանապարհին փոսեր էին գոյացել:

Նա նշեց, որ, իր տեղեկություններով, մեծամասամբ խնդիրը լուծվել է, և նախարարը հաստատեց, որ հավանաբար վաղն արդեն այլևս փոսեր չեն լինի:

 Վարչապետը հայտնեց, որ նաև ընթացքի մեջ է Տաթևի ոլորանների, Տաթև գյուղը շրջանցող ճանապարհի շինարարությունը:  

Նա անդրադարձավ շինարարական կազմակերպությունների կողմից ժամկետները պահպանելու խնդրին և նշեց, որ այսօր այնքան են ծանրաբեռնված շինարարական կազմակերպությունները, որ մտավախություն ունեն՝ կհասցնեն իրականացնել մրցույթով հաղթած պատվերները, թե՞ ոչ: Նա նաև խոսեց չափանիշների ներդրման կարևորության մասին:

Գնել Սանոսյանը խնդիր համարեց նաև այն, որ Կառավարությունը ինչ ցանկանում է անել, մեր երկրի շինարարների հզորությունը չի բավարարում:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

722