Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը Երևանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակում պարգևատրվեց Սթիվեն Հոքինի մեդալով՝ գիտության հանրայնացման գործում ունեցած մեծ ավանդի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեդալը հանձնեց երաժիշտ Ռիք Վեյմանը

«Ես նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին: STARMUS-ը կարևոր է: Այն միավորում է մեզ, հիշեցնում, որ մենք բոլորս մարդ ենք»,- նշեց նա:

Մեյը նկատեց, որ փոքր հասակից հետաքրքրված էր և երաժշտությամբ, և աստղագիտությամբ, սակայն նրան ասում էին, որ չի կարող հաջողության հասնել երկուսում էլ: «Ես ապացուցեցի բոլորին, որ նրանք սխալվել են: Այդ իսկ պատճառով այժմ ցանկանում եմ կիսվել այս մեդալով այս դահլիճում գտնվող յուրաքանչյուրի հետ, ով կարծում է, որ գուցե ինքը բավականաչափ լավը չէ»,- ասաց Մեյը: Նա նկատեց նաև, որ այսօր Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրն է: «Ծնունդդ շնորհավոր, Ֆրեդի: Հաճելի է, որ ես ստացա այս մեդալը հենց նրա ծննդյան օրը»,- ասաց Մեյը:

Իր տեսակի մեջ յուրահատուկ այս մեդալը շնորհվում է գիտությունը հանրայնացնողներին ( Science Communicator) երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ: Մեդալի մի կողմում պատկերված է երջանկահիշատակ տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նկարը, իսկ նկարի հեղինակը առաջինը բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն է։ Մեդալի մյուս կողմում բաց տիեզերքում քայլող Լեոնովն է և երաժշտությունը խորհրդանշող կիթառը: Առաջին անգամ մեդալը հանձնվել է Starmus-ի երրորդ փառատոնի ժամանակ՝ 2016 թվականին։ Այս տարիների ընթացքում մեդալին արժանացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպես SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը։ 2019 թվականին Starmus-ի պատմության մեջ առաջին անգամ հանձնվեց Սթիվեն Հոքինգի մեդալը կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար (Lifetime Achievement Award): Մրցանակի արժանացավ Լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդը՝ «Ապոլոն-11» առաքելության մասնակից Բազ Օլդրինը։

1200