Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտում Վրաստանը պետք է լինի անկեղծ միջնորդ։ Այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով այսօր Հայարտուն կենտրոնում հանդիպում էր Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ալիք մեդիայի» հարցին, թե ի՞նչ դեր կարող է ունենալ Վրաստանը Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտի հարցում, դեսպանը պատասխանում է.

«Վրաստանի դերն այստեղ անկեղծ միջնորդ լինելն է, և կարծում եմ՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է դրան: Այս ուղությամբ բազում առաջարկներ են եղել։ Այսօր մենք ունենք Լեռնային Ղարաբաղի չլուծված հիմնահարց, նույն համատեքստում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ՝ սահմանազատում, սահմանագծում։ Այս ամբողջը մեկ փաթեթ է, մենք չենք կարող առանձնացնել, որքան էլ ադրբեջանական կողմը ցանկանում է սա առանձնացնել», — ասում է Սմբատյանը։

Դեսպանը ընդգծում է՝ այս հիմնահարցերի շուրջ կան արդեն ստեղծված ֆորմատներ․

«Այս հարցով կան միջազգայնորեն ճանաչված հարթակներ. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համար Մինսկի խմբի համանախագահների հարթակը, կա Եվրամիության միջնորդությունը, կա Ռուսաստանի Դաշնության եռակողմ ֆորմատը և բացելու համար երրորդ նոր ֆորմատ՝ պետք է պատկերացնել թե ի՞նչ է պակասում մյուս երկու ֆորմատներին, անհրաժեշտ է արդյոք բացել երրորդ ֆորմատ, թե կհամալրենք ֆորմատներից մեկում նաև Վրաստանի ջանքերը»։

Դեսպանը հավելում է, որ Վրաստանի միջնորդության հարցի վերաբերյալ աշխատանքը դեռևս ընթացքի մեջ է։

1021