Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Գևորգ Դանիելյանի կողմից հոկտեմբերի 1-ին Երևանում մահվան ելքով վրաերթի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Եղվարդ քաղաքի բանկիչ 37-ամյա Ռաֆիկ Հարությունյանն էր, ով Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ի կողմից վարած Lexus-ով վրաերթի ենթարկվելու հետևանքով տեղում մահացել էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, «Արգավանդ» կաhույքի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդը դրանից հետո ահազանգել է ոստիկանություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Մանուկյանն ու Գոռ Բաբայանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսանի, բաժնի պետի տեղակալներ Սամվել Սամվելյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ։ 

642