«Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը զրուցել է Երևանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ:
— Ձերդ Գերազանցություն, ինչպես գիտենք՝ այս տարի լրացել է Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին: Երեք տասնամյակների ընթացքում տարբեր ոլորտներում նկատում ենք հաջողված համագործակցություն: Երկկողմ համագործակցությունը որակապես նոր փուլ է մտել Հայաստանում և Սիրիայում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների բացման և արդյունավետ գործունեության շնորհիվ: Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտներում է արձանագրվել առավել նկատելի առաջընթաց:
— Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար: Սիրիայի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները բնական շարունակությունն են Սիրիայի ժողովրդի և հայ ժողովրդի միջև դարերի ընթացքում ունեցած բարեկամական հարաբերությունների, որոնք խարսխված են եղել քաղաքակրթական, պատմական, մշակութային և ընկերային հիմքերի վրա: Սիրիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են եղել փոխադարձ հարգանքի և վստահության վրա, և երկու երկրները պարտավորվել են ընդլայնել հարաբերությունները՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ մակարդակներում:
Պետք է արձանագրել որ երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները մեծ ջանք գործադրած են, որի արդյունքով ստորագրվել է ավելի քան հինգ տասնյակ փաստաթղթեր՝ (պայմանագիր, փոխըմբռնման հուշագիր, արձանագրություն), կրթական, տնտեսական, մշակութային, առողջապահական, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Համագործակցության ոլորտները բազմաշերտ են երեսուն տարվա ընթացքին, սակայն, երևի կառանձնացնեմ կրթական ոլորտը, որ բավական առաջընթաց արձանագրած է:
Իսկ ներկայիս, շեշտեմ որ Սիրիան ցանկանում է, որ Հայաստանը մասնակցություն ունենա Սիրիայի վերաշինության հանգրվանին, որ ընդգրկում է տնտեսական, շինարարական և ներդրումային ոլորտներ:
— Տիկի՛ն դեսպան, Երևան-Դամասկոս փոխհարաբերությունների որակական մակարդակում կարելի է դիտարկել սիրիական հակամարտության ընթացքում ՀՀ սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև արդեն մի քանի տարի Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության հաջող գործունեությունը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Սիրիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը:
— Սիրիայի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերություները միշտ եղած են բարձր մակարդակի: Սիրիան մեծապես գնահատում է Հայաստանի դիրքորոշումը Սիրիայի պատերազմի ժամանակ: Ավելացնեմ, որ այդ ժամանակ քաղաքական հարաբերությունները դրսևորվեցին մի քանի ուղղությամբ՝ ինչպես միջազգային հարթակների վրա բարձր մակարդակի մեր համագործակցությունը: Մյուս կողմից, Սիրիայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները պահպանելու վերաբերյալ Հայաստանի որոշումը, ինչպես նաև Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու հանգամանքը՝ սննդամթերք և հագուստ, որոնք բաժանվում էին Սիրիայի մի քանի նահանգներում:
Սիրիայի կառավարությունը մեծապես գնահատում է 2019 թվականին Հայաստանի կառավարության որոշումը՝ մարդասիրական առաքելություն Սիրիա ուղարկելու կապակցությամբ: Առաքելությունը բժշկական ծառայություններ մատուցեց և հումանիտար ականազերծման, նաև բնակչության հակաականային իրազեկման գործունեություն ծավալեց Սիրիայի տարբեր շրջանների մեջ:
Իմ կածիքով, հումանիտար այս առաքելությունը լավագույն դրսևորումն է Սիրիայի և Հայաստանի բարեկամական սերտ հարաբերություններին: Հարկ է հիշել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ուղերձներ են փոխանակել՝ շեշտվելով, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները հետագա տարիներին առավել կընդլայնվեն և կամրապնդվեն։ Սիրիական կողմը պատրաստակամություն է հայտնում առավել խորացնել հայ-սիրիական հարաբերությունները և ամրապնդել պատմական կապերն՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների և երկրների։
— Տիկի՛ն դեսպան, հայտնի է, որ տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրներում ՀՀ-ն և Սիրիան ունեն բավականաչափ մոտ դիրքորոշում: Հնարավոր համարու՞մ եք այս ուղղությամբ երկկողմ առարկայական համագործակցությունը:
— Երու երկրների դիրքորոշումները միշտ եղել են մոտ, ու դրա արդյունքով է, որ միջազգային հարթակներում ծավալել ենք արդյունավետ համագործակցություն և փոխադարձ աջակցություն: Այդ մոտ դիրքորոշումները առիթ կարող են հանդիսանալ տարածաշրջանի հիմնախնդիրների շուրջ ավելի սերտ համակարգման և առարկայական համագործակցության:
— Երկկողմ հարաբերությունների զարգացման համար ինչպիսի՞ խոչընդոտներ եք տեսնում, որոնց լուծմանը կարող են նպաստել ՀՀ իշխանությունները:
— Դարավոր բարեկամների միջև խոչընդոտները վերացված պետք է լինեն, իսկ եթե կան, պետք է աշխատել վերացնել՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Կարծում եմ մուտքի արտոնագրի գործընթացի դյուրացումը, լավապես նպաստելու է երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլեր թևակոխելու:
— Տիկի՛ն դեսպան, այսօր ինչպիսի՞ խնդիրների է առերեսվում հայկական համայնքը Սիրիայում:
— Սիրիայի դեմ ահաբեկչական պատերազմից 11 տարի անց, Սիրիայի պետությունը աջակցություն ցուցաբերեց՝ Սիրիայում վնասված հայկական եկեղեցիների, դպրոցների և հայերի արհեստանոցների վերաշինության համար: Սա մի հանգամանք է, որ ապացուցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ղեկավարության տեսլականի մասին՝ պահպանելու հայկական պատմամշակութային արժեքները Սիրիայում: Նշեմ, որ սիրիահայերը օգտվում են Սիրիայի սահմանադրությամբ ճշտված բազմազանության պահպանման իրավունքներից:
Իմ կարծիքով նոսրացած գաղութին համար այսօր մասնագիտացած հայերեն լեզվի դասավանդումը գերակշիռ տեղ է գրավում դիմագրաված զանազան խնդիրների շարքում: